«Նիկոլն այլևս իշխանություն չունի. նա անցնում է փողոցով՝ մարդիկ թքում են իր ուղղությամբ, հայհոյում են». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվում է դավաճանություն՝ թշնամուն զիջվում են ՀՀ անվտանգության մեխանիզմներն ապահովող տարբեր գործոններ:

«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն անընդհատ զիջում է ինչ-որ բաներ: Ես ամենևին չեմ զարմանա, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կանգնի և հայտարարի, որ Թուրքիայի հետ որևէ պատմական խնդիր, որևէ կնճիռ, որ գալիս է անցյալից, այլևս չունենք և այսուհետ եղբայր ժողովուրդներ ենք լինելու: Փաշինյան Նիկոլից և նրա թիմակիցներից ես դա շատ հստակ սպասում եմ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր թուրք և ադրբեջանցի գործընկերներին տված խոստումներ ունի, որոնք դեռևս անավարտ են.

«Ցավոք, փաստերը միայն արդեն եղածի մասին են. թե ինչ կարող է լինել ապագայում, շատ բաներ… Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ կան բանավոր ձեռք բերված պայմանավորվածություններ, և հիմա ես տեսնում եմ, որ այն, ինչ ապօրինի կերպով հանձնվել է թշնամուն, այսօր օրինականացնելու փորձ է արվում: Հնարավոր է՝ մեր զրույցի պահին փաստաթուղթ ստորագրվի, այսօր արդեն իսկ խոսվել է սահմանազատման գործընթացի մասին, ճիշտ է՝ չի նշվել, թե որտեղի մասին է, բայց տեսնում ենք, որ պրոցեսները կան: ԱԱԾ տնօրենն է գաղտնի հանդիպումներ ունենում ադրբեջանցի գործընկերոջ հետ: Ինչո՞ւ բացառենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել՝ մոռացության մատնելով Ցեղասպանության խնդիրը, որ Թուրքիայի համար ամենակարևոր օրակարգն է»:

Հրանտ Մելիք Շահնազարյանն ընդգծեց. «Նիկոլն այլևս Հայաստանում իշխանություն չունի, նա անցնում է փողոցով՝ մարդիկ թքում են իր ուղղությամբ, հայհոյում են, ինքը ուզում է մարզ գնալ՝ չի կարողանում, որովհետև բնակիչները դեմ են դուրս գալիս, եկեղեցի է մտնում՝ դուրս են վռնդում, «Եռաբլուր» էլ չկարողացավ գնալ, այլ իրեն բառիս բուն իմաստով տարան և դրեցին այնտեղ: Նա չունի իշխանություն: Բայց հարցն այն է, որ պետական համակարգը, որ այդպես պինդ ստեղծվել է, որ իրականում լավ բան է, եթե ծառայում է լավ նպատակների, որքա՞ն դեռ կհանդուրժի դավաճանի ներկայությունը՝ երկրի կառավարության ղեկին: Դա վերաբերում է ոստիկաններին. երեկ ցավով արձանագրել եմ, որ շատ ոստիկանների դեմքերին նայում եմ և նոր նիկոլների եմ տեսնում: Դա վերաբերում է բանակին, որի բարձրագույն հրամանատարությունն այսքան ստորացված երբեք չի եղել և ստորացված շարունակում է կատարել այս դավաճանի բոլոր հրամանները՝ մեր հայրենիքը զիջելով թշնամուն, անգամ չփորձելով պաշտպանել մեր բնակիչներին, ովքեր փաստացի հայտնվում են թուրք զինծառայողների հետ դեմ դիմաց: Դա վերաբերում է մեր իրավապահ համակարգին, անվտանգության ծառայություններին, բոլորին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս