Դեկտեմբերի 28-ի խուլիգանության գործով լկտի հայհոյանքներ տեղացող ու քաղաքացուն ոտքերի տակ գցած հարվածներ հասցնող Սիսակ Գաբրիելյանն ունի տուժողի կարգավիճակ
Դեկտեմբերի 28-ի առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:
Ակցիայի մասնակիցները նախ ձվերով հարվածեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին՝ գործողությունն ուղեկցելով զանազան վանկարկումներով, միջադեպ տեղի ունեցավ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գերազանցեց ինքն իրեն:
Նա լկտի հայհոյանքներով ձեռնամարտի մեջ մտավ ակցիայի մասնակիցների հետ, որից հետո նրանք սկսեցին ձվեր նետել վերջինիս վրա: Ազգընտիր պատգամավորին, ըստ ամենայնի, հանգստացնել հնարավոր չեղավ, ու նա շարունակեց հարձակվել քաղաքացիների վրա:
Նույն օրն իսկ ՀՀ ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ԱԺ-ի մոտ տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, կան բերման ենթարկվածներ:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ 168.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ դատախազությունը կերաշխավորի քրեական գործով օբյեկտիվ քննության իրականացումը և իրավական գնահատականներ տալը, իսկ ավելի ուշ ասաց, որ դատախազությունն անպայման Սիսակ Գաբրիելյանի գործողություններին գնահատական կտա:
Մենք, փաստորեն, շատ լավատես էինք, ու քանի որ տեսաձայնագրությունը բոլորս էինք տեսել, ենթադրում էինք, որ մեր խիստ անաչառ գլխավոր դատախազը ևս տեսել է այն, ինչ բոլորը, տեսել է, թե ինչպես է ազգընտիր իշխանական պատգամավորը լկտի հայհոյանքներ տեղում ակցիայի մասնակիցների հասցեին ու բառի բուն իմաստով «քացու տակ» գցում նրանցից մեկին: Մտածում էինք նույնիսկ, որ գլխավոր դատախազն Ազգային ժողով կմտնի Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցով:
Սակայն նոր տարվա առաջին օրերին տեղեկություն տարածվեց, որ ակցիայի մասնակիցներից ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: Լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Գործով մեղադրանք կա առաջադրված մեկ անձի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- ասացին ՀՔԾ-ից:
Մեր ճշտող հարցին՝ ինչ կարգավիճակ ունի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, պատասխանեցին՝ տուժողի:
Փաստորեն, մի քանի օր «ցրելով» ու մեր հարցերին չպատասխաելով՝ ոստիկանությունը գործը հարուցել, Սիսակ Գաբրիելյանին տուժողի կարգավիճակը շնորհել ու գործն ուղարկել էր ՀՔԾ՝ նախաքննության, և այդ ամենը, բնականաբար, դատախազության համաձայնությամբ:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Աշոտ Սիմոնյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանի հետ:
«Աշոտ Սիմոնյանը ներգրավված է որպես մեղադրյալ ՀՀ Քր.օր-ի 258 (3.1) հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելը: Խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով՝ մեղադրանքն ինքնին իրականության ու քրեական իրավունքի տեսության հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ Աշոտ Սիմոնյանի գործողություններն ուղղված չեն եղել հասարակական կարգը խախտելուն: