Կոնտեն կարող է հրաժարական տալ, բայց պահպանել պաշտոնը ճգնաժամ թույլ չտալու համար
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարող է մոտ օրերս պաշտոնաթող լինել հասունացող կառավարական ճգնաժամի եւ կառավարող մեծամասնության աջակցությունից հրաժարվելու՝ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Իրական Իտալիա» կուսակցության ներկայացուցիչների սպառնալիքի ֆոնին: Ինչպես հունվարի 11-ին գրում է Il Messaggero թերթը, հանրապետության նախագահ Սերջո Մատարելլան կօգտվի պաշտոնաթողությունը «սառեցնելու» հնարավորությունից՝ Կոնտեին պահելով կառավարության ղեկին, որի կազմն ըստ որում կարող է փոփոխված լինել։ Կառավարական ճգնաժամն սկսել է հասունանալ տակավին անցյալ տարվա վերջին, երբ Ռենցին անհամաձայնություն է հայտնել Կոնտեի քաղաքականության մի շարք կետերի վերաբերյալ:
Մասնավորապես, նախկին վարչապետին չի բավարարել Եվրամիության հիմնադրամից միջոցների օգտագործման մասին կառավարության ներկայացրած պլանը համավարակից հետո տնտեսության վերականգնման համար, որի շրջանակներում Իտալիային՝ որպես առավել տուժած երկրներից մեկին, հատկացվում է 209 միլիարդ եվրո: Ռենցին նախկինում Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) առաջնորդն էր, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն լքել է դրա ղեկավարությունն, այլեւ դուրս է եկել կազմակերպությունից՝ իր մերձավոր զինակիցների հետ հիմնելով սեփական կուսակցությունը:
Սակայն ԴԿ-ից դուրս գալու մասին Ռենցին հայտարարել է այն բանից մի քանի օր հետո, երբ 2019 թվականի սեպտեմբերին նպաստել է նոր կառավարող մեծամասնության ստեղծմանը՝ԴԿ-ի եւ «5 աստղ» շարժման» կազմով՝ «Լիգայի» հետ «հինգաստղանիների» նախորդ կոալիցիայի կազմալուծումից հետո: Այն ժամանակ դա թույլ տվեց խուսափել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումից: Ռենցին, ունենալով իր ներկայացուցիչները կառավարությունում եւ մեծամասնության աջակցության համար անհրաժեշտ մի քանի ձայներ վերին պալատում (Սենատում), ստացել է կառավարության վրա ազդեցության լծակներ: Նա հայտարարել է, թե իր կուսակցությանը չեն հետաքրքրում լրացուցիչ նախարարական պաշտոնները: Սակայն, ինչպես գրել է«Մեսաջերոն», նախկին վարչապետի մերձավոր զինակիցներից մեկը՝ Մարիա Էլենա Բոսկին կարող է կառավարություն մտնել վերաբաշխումներից հետո:
Քաղաքական անվստահության ֆոնին ընդդիմության ներկայացուցիչներն աջ կենտրոնամետ կոալիցիայից՝ «Լիգայի», «Իտալիայի եղբայրներ»-ի եւ «Հառա՜ջ, Իտալիայի» կազմով, պնդում են, որ անցկացվեն նոր ընտրություններ: Թեեւ Սիլիվո Բեռլուսկոնիի կուսակցությունը («Հառա՜ջ, Իտալիա») հնարավոր է համարում կառավարության հետ համագործակցությունն առաջնահերթ խնդիրների կատարման համար, ներառյալ պայքարը համավարակի դեմ եւ տնտեսության վերականգնումը, այդ թվում եվրոպական օգնության հիմնադրամի հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: