Բաժիններ՝

«2020թ․ ֆինանսական հաշվետվությունը հրապարակվելու է 2021թ․՝ նախապես անցնելով ֆինանսական աուդիտ. այն հիմնադրամում է նոյեմբերի 20-ից». Հայկակ  Արշամյան

168.am-ին տեղեկություն էին փոխանցել, որ ամերիկահայերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին «սպառնացել» են միջազգային աուդիտով, եթե հաշվետվություն չներկայացվի, թե փոխանցված գումարներն ինչ են եղել, ինչ նպատակով են ծախսվել, կամ արդյո՞ք այն նպատակով, ինչի համար փոխանցվել է:

Այս առնչությամբ մեր հարցադրմանն ի պատասխան՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց՝ լրատվամիջոցներով և սոցցանցերով լուր էր տարածվել, թե ««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը պահանջում է, որ հիմնադրամի տնօրինությունը մինչև այս տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն ներկայացնի 2020թ․ հանգանակած գումարների ծախսի մասին, այլապես սպառնում է՝ թերացման դեպքում կդիմի ԱՄՆ ներքին եկամուտների ծառայություն և Արդարադատության նախարարություն», ինչը ոչ մի կապ չունի իրականության հետ:

«Նկարում լրիվ այլ  բան է գրված, իսկ թարգմանության մեջ՝ լիովին ուրիշ։

Անստորագիր ինչ-որ տեքստ է»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց  Արշամյանը:

Մեր հակադարձմանը՝ Դուք պետք է, որ տեսած լինեք դրսում բնակվող ռեալ մարդկանց գրառումներ և հաշվետվության ներկայացման պահանջներ, որոնք մեծ գումարներ են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին պատերազմի օրերին, մեր զրուցակիցն ասաց՝  տարեկան հաշվետվությունը կհրապարակեն, և բոլորը կիմանան:

«Հիմնադրամը տվյալ տարվա տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակում է հաջորդող տարում՝ համաձայն ՀՀ օրենսդրության և հիմնադրամների մասին օրենքի: Այսինքն, 2020-ի ֆինանսական հաշվետվությունը հրապարակվելու է 2021թ․՝ նախապես անցնելով ֆինանսական աուդիտ, որի եզրակացությունը հաստատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից և հրապարակվում է, ինչպես դա եղել է բոլոր նախորդ տարիներին։ Աուդիտը հիմնադրամում է նոյեմբերի 20-ից, երբ կավարտի 2020թ․ տարվա աշխատանքների ուսումնասիրությունը, այն կներկայացվի հոգաբարձուներին, հաստատվելուն պես կհրապարակվի թե՛ կայքում,  թե՛  մեր տարեկան տպագիր հաշվետվության մեջ»,- մանրամասնեց Հայկակ Արշամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս