Փելոսին Թրամփին համարել է «Պուտինի սպասավոր»
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի անգործությունը, որոնք վերաբերում են ամերիկյան գերատեսչությունների վրա ռուսաստանյան հաքերների գրոհներին, բացատրվում է նրանով, որ նա ծառայության մեջ է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։
«Այլ բացատրություն, բացի այն, որ նա (Թրամփը) Պուտինի սպասավորն է, պարզապես չկա»,-ասել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Չգիտեմ, թե ռուսներն ինչ ունեն նախագահ Թրամփի հետ՝ անձնական, քաղաքական, թե ֆինանսական»,-հավելել է Փելոսին:
Նրա խոսքով՝ Թրամփը «կա՛մ խուլ է, կա՛մ կույր, կամ էլ նա պարտավորություններ ունի» Ռուսաստանի առջեւ:
Դեկտեմբերին ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ օտարերկրյա կառավարության հետ կապված հաքերները կոտրել են այն համակարգերը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը, ներքին անվտանգության նախարարությանը, ԱՄՆ-ի առեւտրի նախարարության հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվության ազգային վարչությանը (NTIA), ինչպես նաեւ Պենտագոնի ցանցին, էներգետիկայի նախարարությանը եւ NNSA-ին:
Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ եւ պաշտոնական անձինք հայտարարել են, որ կիբեռգրոհների ետեւում, հավանաբար, կանգնած է APT29 հաքերական խումբը կամ Cozy Bear-ը, որն իբր կապված է ռուսական հետախուզության հետ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենը խոստացել է պատասխանել այդ մի շարք կիբեռգրոհներին եւ քննադատել է Թրամփին, որն այդպես էլ չի պարզել դրանց պատասխանատուներին:
Բայդենը հայտարարել է, որ, երբ ԱՄՆ-ը գտնի մեղավորներին, Վաշինգտոնը գործողությունների բազմաթիվ տարբերակներ կունենա՝ չճշտելով, թե հատկապես ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել: Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան դաշնային գերատեսչությունների վրա իրականացված կիբեռգրոհն այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես այդ մասին գրում են ԶԼՄ-ները: Նրա կարծիքով, կիբեռգրոհի ետեւում կարող է կանգնած լինել ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: