«2.5 տարի Նիկոլը հետևողականորեն, ջանադրաբար, հանգամանորեն ու առանձնահատուկ ցինիզմով նախապատրաստում էր մեր ձախողումը». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դիվանագիտական և տեղեկատվական բաղադրիչներին հետահայաց նայելիս բախվում ես սարսափելի իրականությանը: «Նոր Հայաստանի» մասին հայտարարող Նիկոլը իրականում նոր Ադրբեջանի «շինարարը» դարձավ:

Մինչև Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռալը, մինչև 2020թ. հուլիսին տավուշյան սրացումն աշխարհը Ադրբեջանին ընդունում էր որպես հավերժական ագրեսորի: Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա պարբերական սպառնալիքները ու մկանների չընդհատվող ցուցադրությունը ոչ միջնորդների և ոչ էլ միջազգային խաղացողների մոտ որևէ կասկած չէին թողնում, որ հենց Ադրբեջանն է հանդիսանում ագրեսոր երկիրը Ղարաբաղյան գործընթացում և ապակառուցողական կողմը բանակցություններում:

Նիկոլը պետք է դա փոխեր: Մտադրված ստորացնելով Մինսկի խմբի ձևաչափը՝ ուժի չկիրառման երաշխավորին, նվազեցնելով նրա դերը՝ նա հայտարարեց նոր դիրքերից բանակցությունները սկսելու մասին ու սկսեց ուղիղ կերպով հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ՝ շրջանցելով միջնորդներին:

Տավուշում սադրելով տեղական նշանակության մարտեր՝ նա լեգիտիմացրեց հակահայկական թուրք-ադրբեջանական տանդեմի ստեղծումը: Տեսնելով պատերազմին ակնհայտորեն պատրաստվելու գործողությունները, ստանալով ՀԱՊԿ-ից ոչ երկիմաստ նախազգուշացումներ՝ զբաղված էր Եվրո-2050-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը պլանավորելով:

Հարաբերությունները փչացնելով պատմական դաշնակիցների հետ ու ձեռք չբերելով նորերը, թուլացնելով բանակն ու հասարակության ներսում թշնամանք սերմանելով՝ Նիկոլը 2.5 տարվա ընթացքում Հայաստանը վերածեց Ադրբեջանի համար ամենահարմար հակառակորդի, մի երկրի, որի պարտությունը նախապես էր գծված:

Պատերազմի ժամանակ ամոթալի խաբեություն, զորքերի կառավարման գործընթացին Աննա Հակոբյանի միջամտություն, ձախողված մոբիլիզացիա, ռազմական ոչ կոռեկտ լուծումների շարք, որի գագաթնակետը Շուշիի հանձնումն էր, զոհերի, վիրավորների, անհետ կորած ու գերեվարված անձանց թաքցվող թիվ. Ահա գերագույն հրամանատար կոչվող մեր հերոսի գործողությունների արդյունքը:

Արդեն 2 ամիս է, որ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել, բայց մեր նահանջը շարունակվում է: Մենք ամեն օր ինչ-որ բան կորցնում և ինչ-որ բան ենք հանձնում: Ադրբեջանի սանձարձակ հռետորաբանությանը որևէ հոդաբաշխ պատասխանի բացակայությունը երաշխիքն են այն բանի, որ գործընթացը կանգ չի առնելու:

Դադարե՞լ է արդյոք Ադրբեջանը լինել ագրեսոր երկինք: Իհարկե, ոչ: Հանվո՞ւմ է արդյոք Թուրքիայի և միջազգային ահաբեկչության  պատասխանատվության հարցը տեղի ունեցածի մեջ: Իհարկե, ոչ: Կարելի՞ է արդյոք ադեկվատ համարել միջազգային գործընկերների առաջարկը տեղի ունեցածի վերաբերյալ անգամ Նիկոլի անգործունակության պարագայում: Իհարկե, ոչ: Հնարավո՞ր է արդյոք հաշտվել իրերի այս դասավորվածության հետ: Իհարկե, ոչ:

Իսկ Նիկոլը… Նիկոլը վաստակել է Ադրբեջանի քառակի հերոսի կոչումը՝ հայկական բանակը քայքայելու, ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերումների, տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի հաղթարշավի, Ղարաբաղյան երրորդ պատերազմում Ադրբեջանի առջև ցուցաբերած նշանակալից վաստակի համար:

Ամենասարսափելին այն է, որ նա պատրաստ է ու լի է վճռականությամբ՝ դառնալ Ադրբեջանի հնգակի հերոս, այս անգամ Հայաստանի Հանրապետության տարածքներն առուծախի առարկա դարձնելու և պանթուրքիստական միջանցք ստեղծելու համար: Եվ միայն մեզնից է կախված՝ կկարողանա՞ նա արդյոք իր կրծքին կախել հերթական ադրբեջանական պարգևը»:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս