«Այդ արտահայտությունը շատ բաների մասին է խոսում քաղաքական թիմի նկատմամբ կուսակցության վերաբերմունքի մասին․ հետևությունները կթողնեմ մարդկանց». Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը կայացրել է բավականին երկար ժամանակ մտածելուց հետո, և այդ որոշման համար մի շարք պատճառներ կային, որոնք չի ցանկանում մանրամասնել։
«Գործընկերներիս արձագանքները որևէ կերպ չեմ ցանկանում գնահատել, կթողնեմ՝ ամեն մեկն իր խղճով թող մոտենա հարցին։ Կարծում եմ՝ այն որակավորումները, որոնք տրվեցին, ո՛չ հարիր էր ինձ նման մարդուն տալու, ո՛չ էլ հարիր էր որևէ պատգամավորի, իր մտքից նման արտահայտություններ դուրս բերելու համար»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Ըստ նրա, պատերազմի այն ելքը, որը եղավ, և եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, խմբակցությունից իր դուրս գալը շատերի համար սպասելի էր։
«Հասկանալով երկրի առջև ծառացած խնդիրները, որոշեցի, որ պետք է այդ խնդիրներին լծվեմ և փորձեմ լուծումներ տալ։ Խնդիրները շատ էին, և իշխանության կողմից այն վերաբերմունքն ու գործողությունները, որոնցում չափազանց թերացումներ կար, հանգեցրեցին իմ որոշմանը»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը։
Անդրադառնալով գործընկերների այն խոսակցություններին, որ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի քվեաթերթիկը՝ դարձել է պատգամավոր, նաև՝ եթե Նիկոլ Փաշինյանի ուսապարկը լիներ, ավելի շատ ձայներ կհավաքեր, քան ինքը, հետևաբար՝ այսօր ինչու է պահում պատգամավորական մանդատը, Սոֆյա Հովսեփյանը նկատեց՝ այն գործընկերները, որոնք նմանատիպ գնահատականներ են տվել, շատ լավ գիտեն, թե ով է Սոֆյա Հովսեփյանը և ինչ կարողություններ ուներ։
«Մինչև պատգամավոր դառնալն ինձ բոլոր մարզերում ճանաչում էին, ծանոթ էին իմ գործունեությանը, լինելով պատգամավոր՝ իմ գործունեությանը հավելել եմ մի շարք ծանրաբեռնվածություններ, դրանք սիրով եմ ինձ վրա վերցրել՝ համարելով, որ դրանք երկրի խնդիրներն են, և ես անմասն չպետք է մնամ այդ խնդիրներից։ Ես եղել եմ ռեյտինգային ընտրացուցակով, եղել եմ ամենավերջին համարներից մեկը, և եթե վստահ չլինեին, որ ես կունենամ անցողիկ ձայներ, ապա դժվար թե տանեին ամենավերջին համարները։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ կապված արտահայտությանը, ես այն ինձ վրա չեմ վերցնի, քանի որ շատերը դրան արձագանքեցին։ Այդ արտահայտությունը շատ բաների մասին է խոսում, քաղաքական թիմի նկատմամբ քաղաքական կուսակցության վերաբերմունքի մասին, հետևությունները կթողնեմ մարդկանց»,- շեշտեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ խմբակցությունից դուրս գալու հարցը որևէ մեկի հետ չի քննարկել, ցանկություն է ունեցել քննարկելու խմբակցության ղեկավարի հետ, սակայն վերջինս այդ պահին նպատակահարմար չի գտել քննարկելու հարցը։ Իսկ երբ արդեն խմբակցության ղեկավարն է ցանկություն հայտնել հարցը քննարկելու, արդեն ինքը ցանկություն չի ունեցել գնալու քննարկման։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա, Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ այս փուլում պետք է կազմակերպել ժամանակավոր կառավարություն, եթե շուտով գնալու են խորհրդարանական ընտրությունների։
«Կարծում եմ, եթե մենք ուզում ենք կրկին անկաշկանդ ընտրություններ կազմակերպենք, միևնույն ժամանակ ստանանք ժողովրդի վստահության քվեն, ապա այս պահին պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։