«Մենք նաև ասել ենք, որ կան զինված խմբեր, որոնք այդ ընտրությունները կարող են վերածել պարզապես մարտադաշտի». Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ ԼՀԿ-ն իր դիրքորոշումն արտահայտել է նրանով, որ մերժել է Նիկոլ Փաշինյանին, որը եկել էր խորհրդարան և առաջարկում էր հուշագիր ստորագրել՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ։
«Մեր օրակարգում հիմա արտահերթ ընտրությունների անցկացում չկա, և երկրորդը՝ մենք իշխանությանը չենք տեսնում՝ որպես երաշխավորը այդ թափանցիկ արդար ընտրությունների անցկացմանը։ Իշխանությունն ինքն այսօր փողոց դուրս գալու խնդիր ունի, ինչպես է նա պատրաստվում երաշխավորել մնացյալի անվտանգությունը, սրանք հարցեր են, որն իշխանությունը պետք է հասկանա, մենք մեր դիրքորոշումը հստակ իրեն հայտնել ենք։ Մենք ունենք մեկ պահանջ՝ Փաշինյանի հրաժարականը սահմանադրական ճանապարհով՝ խորհրդարանով։ Հիմա այնքան խնդիրներ ունենք լուծելու, որ հապճեպ ընտրությունների գնալը լի է վտանգներով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ բազմաթիվ մեդիահարթակներով իշխանությունը փորձում է մարդկանց տարբեր հարցերի շուրջ մանիպուլյացնել, այդուհանդերձ դեռ չի հանդիպել որևէ մեկին, որն ասի, թե վարչապետի անունով է երդվում։
«Մենք հասկանում ենք, որ այս պահին նժարին դրված է պետության գինը, անվտանգությունը և կայունությունը։ Եթե ուշադիր լինեք, միակ քաղաքական ուժը, որն իր քաղաքական առաջին դեմքով առաջարկում է ստանձնել այդ պատասխանատվությունը՝ «Լուսավոր Հայաստանն» է, չկա այլևս որևէ քաղաքական ուժ, որն իր լիդերով առաջարկել է ստանձնել նման քաղաքական պատասխանատվություն»,- հավելեց պատգամավորը։
Ըստ Անի Սամսոնյանի, իր քաղաքական ուժը պատրաստ է ՀՀ նախագահի հետ քննարկել ստեղծված իրավիճակի հարցը, ավելին՝ նրա հետ հանդիպում են ունեցել և ըստ երևույթին իրենք ասում են՝ անցումային կառավարություն, նախագահը՝ ազգային համաձայնության կառավարություն, երկուսն էլ նույն բանն են, պարզապես տարբեր անվանումներ են տալիս։
«Մենք միշտ ասել ենք, որ քաղաքական ուժերի կոնսենսուսով մենք պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունը։ Կարծում եմ՝ այս պահին հանրությունը հոգեբանորեն պատրաստ չէ ընտրություն կատարելու, հիմա մենք թողնենք մեր բոլոր խնդիրները և բյուջեից գումար հատկացնենք ընտրությունների համա՞ր։ Մենք նաև ասել ենք, որ կան զինված խմբեր, որոնք այդ ընտրությունները կարող են վերածել պարզապես մարտադաշտի, կարող են մարդկանց ստիպել, որպեսզի գնան ու քվեարկեն այս կամ այն ուժի օգտին։ Մենք միշտ ասել ենք, որ ԼՀԿ-ն այսօր միակ քաղաքական ուժն է, որը չի այրել կամուրջները որևէ քաղաքական ուժի հետ, ինչը նշանակում է՝ պահպանել քաղաքական համգործակցային հարաբերություններ, առանց վիրավորանքի, ատելության և «կարմիր գծերը» հատելու։ Որպես առաջնորդ՝ Էդմոն Մարուքյանն ունի բոլոր կարողությունները՝ համագործակցելու, ներառական լինելու, հավասարակշռված որոշումներ կայացնելու համար»,- շեշտեց նա։