Մտավորականի գործն այն քնած մարդկանց աչքերը բացելն է, ովքեր դեռ չեն պատկերացնում՝ իրենք ինչ իրավիճակում են ապրում. Դավիթ Խաչատրյան

Հունվարի 9-ին մի խումբ մտավորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, բժիշկներ շտապ հավաք էին անցկացրել՝ քննարկելու երկրում առկա իրադրությունը: Նրանք նաև ստորագրահավաք իրականացրեցին՝ պահանջելով «Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրաժարականը»:

Հավաքի կազմակերպիչ, «Հայ-իտալական մշակութային համագործակցություն» կազմակերպության ղեկավար Դավիթ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ստորագրահավաքը բաց է, և մտավորականներն ու մշակութային գործիչները մի քանի օր հնարավորություն են ունենալու ստորագրել, ապա խորհրդակցելու են իրավաբանների հետ՝ պարզելու, թե ստորագրված փաստաթուղթն ինչ հետագա քայլերի հնարավորություն կարող է տալ:

«Հանդիպման կարևորագույն նպատակը կայանում էր հետևյալում, որ մտավորականության որոշակի ներկայացուցիչներ իրենց խոսքը բարձրաձայնեն երկրում տեղ գտած առօրյա օրհասական հարցերի շուրջ, իշխանությունների կողմից վարված քաղաքականության՝ ապազգային և ապապետական քաղաքականության շուրջ բարձրացնեն իրենց խոսքը…

Մտավորականությունը պետք է լինի այն արդար մտքի և խղճի կարևորագույն էլեմենտը, որը պետությունը պիտի ունենա՝ հարաբերվելուց իր ժողովրդի հետ: Եվ մտավորականությունը պետք է կարողանա օրհասական հարցերի շուրջ առողջ մտքի դրսևորումը իրականացնել»,- ասաց Դավիթ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետք է տարբերակել խոսքն ու գործը: Իսկ մտավորականների գործի օրինակ է հայտարարության տակ դրված ստորագրությունները:

«Այսօր շատերն էլ պետք է ճիշտ հասկանան: Մտավորականությունից ուզում են բաներ, որոնք, այսպես ասած, մտավորականության գործունեության շրջանակներում էլ չի տեղավորվում: Դրա համար մենք պիտի նաև մի քիչ սթափ վերաբերվենք այդ հարցին: Ինչ որ գալիս է մտավորականից, նա ինքը այսօր անում է և ավելին է անում նույնիսկ: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչի արագ չի գործում, արագ չի գործում, որովհետև այն ժողովուրդը, որը նստած է բազմոցին և Ֆեյսբուքի առաջ սպասում է, որ իր տեղն ինչ-որ մեկը բան պետք է անի, դրա համար կյանքում գործը տեղից չի էլ շարժվելու: Ժողովուրդը պետք է գա փողոցում կանգնող մտավորականի կողքին և պայքարի իր պետության  շահերի համար»,- ասաց Դավիթ Խաչատրյանը:

Հարցին, թե ո՞րն է մտավորականի գործը և ի՞նչ գործեր են մտավորականներն ու մշակութային գործիչներն արել, որոնք «ավելին են նույնիսկ», արձագանքեց.

«Առողջ մտքի վերագտնումը՝ մտավորականի խոսքի միջոցով, դա արդեն մտավորականի գործն է, որովհետև շատ երկար ժամանակ մեր երկրում, առավելևս՝ 3 տարիների ընթացքում, առողջ մտքի հետ կապված մենք ունեցել ենք լուրջ կրիզիս: Եվ այդ կրիզիսի հաղթահարման այսօր միակ ուժը դա մտավորական միտքն է և խոսքը և հնարավորությունը՝ արտահայտվել, արտահայտել և խոսել իրական պրոբլեմների մասին: Բացել, մի խոսքով, աչքերը այն քնած մարդկանց, ովքեր դեռ չեն պատկերացնում՝ իրենք ինչ իրավիճակում են ապրում: Դա արդեն գործ է: Եվ չմոռանանք, որ մտավորականը մտքով աշխատող մարդն է: Ի՞նչ ենք ուզում, որ մտավորականը վաղը վերցնի, չգիտեմ, վերցնի զենքը և գնա ինչ-որ ուժով հարցե՞ր լուծելու: Բնականաբար, ես կարծում եմ, որ նախևառաջ մտավորականը պետք է իրեն իսկ, այսպես ասած, տրված լիազորությունների շրջանակներում իրականացնի իրեն համապատասխան պարտավորությունները, այն է՝ խոսի ժողովրդի հետ, բացատրի իրավիճակը, իսկ իրավիճակը շատ ծանր է, և մենք պետք է շատ օպերատիվ կերպով փորձենք մեր ազգաբնակչությանը բացատրել, թե մենք ինչ իրավիճակում ենք ապրում: Այլևս մենք այսպես շարունակել ապրել չենք կարող, որովհետև մենք կդառնանք  ամենաքիչը մի թափառական, քոչվոր ցեղատեսակ, որը ոչ կունենա պետություն, ոչ պետականություն, ոչ էլ մի բան, որը դու կարող ես հպարտությամբ կոչել պետություն, կամ բանակ, կամ գերբ, կամ դրոշ: Այսինքն՝ բոլոր այն պետականության սիմվոլները, որը մենք մինչև այսօր ունեցել ենք և հպարտացել ենք, մենք վայրկյանական դա կորցնում ենք»:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին որոշ մտավորականներ ու մշակութային գործիչներ հորդորում էին քաղաքացիներին դուրս գալ փողոց, գնալ Հանրապետության հրապարակ, պահանջել նախկինների հրաժարականը: Շատ քաղաքացիներ հենց մշակութային ու հանրային գործիչներին վստահելով՝ դուրս եկան փողոց: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ հիշյալ մտավորականները, մշակութային գործիչները ոգևորված էին ու գովերգում էին նրան: Հետագայում արդեն որոշները համացանցում գրեցին ու հարցազրույցներում խոստովանեցին, թե խաբվել են: Մյուսներն էլ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո հանրությանն ասացին, թե սխալվել են:

Մեր զրուցակցի խոսքով՝ մտավորականների նկատմամբ հանրության վստահությունը չի կորել, քանի որ 2018 թվականի ապրիլ-մայիսին որոշակի մտավորականներ խաբված են եղել:

Հարցին, թե արդյո՞ք մտավորականները, մշակութային գործիչները կարող են այդքան հեշտ խաբվել, արձագանքեց.

«Բոլոր մտավորականներին հեշտ չի խաբել, որոշ մտավորականների կարող է և հնարավոր է՝ ոչ թե խաբեին, կամ իրենք խաբված լինեին, այլ այն սպասելիքները դրականի նկատմամբ իրենց բերեին հույս, որ այս իշխանությունները որևէ բարեկեցիկ բան կարող են ստեղծել իրենց պետության կամ ազգի համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս