«Փաշինյանը շատ տեղերում դարձել է «իզգոյ», չի կարողանում մտնել որոշ տեղեր, օրինակ, եկեղեցի, չի կարողանում ազատ ման գալ քաղաքում». Տիգրան Քոչարյան
«Ընդդիմության պայքարի դեպքում միգուցե փողոցում այս պահին արդյունք չկա, և միգուցե որոշ բաներ կան, որ այս ընդդիմությունը տապալել է, բայց պետական գրեթե բոլոր ինստիտուտները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Նա շատ տեղերում դարձել է «իզգոյ», չի կարողանում մտնել որոշ տեղեր, օրինակ, եկեղեցի: Չի կարողանում ազատ ման գալ քաղաքում, տեսանք այսօր մթով փախուստ օդանավակայան, հազարավոր ոստիկաններ… այսինքն, ժամանակին, երբ դուրս էր գալիս փողոց, բոլորը սելֆի էին անում, իրեն ժողովրդական վարչապետ էր զգում, հիմա իրեն իրականությունն է մերժել»,- ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Մեդիափորձագետը կարևորեց Սահմանադրական փոփոխություններ կատարելը և նոր ընտրությունների գնալը:
«Սա մի երկիր է դարձել, որտեղ կա այնպիսի իրականություն, որ վարչապետն ամբողջապես կորցրել է ինքնուրույն որոշում ընդունելու ընդունակությունները, զրկված է դրանից, ունի իրեն սատարող մի խումբ պատգամավորներ, որոնք իրենք իրենց ուսապարկ են անվանում: Ունի որոշակի ուժային կառույցներ, որոնք ստաբիլացնող ֆակտոր են հանդիսանում: Բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում, դրա համար ասում են՝ պետք է անցումային կառավարություն և ազատվել սահմանադրական այս վիճակից: Դառը փորձից պարզ երևաց, որ այս Սահմանադրությունը միգուցե վարչապետի «վրով» է, բայց ժողովրդի, պետության «վրով» չէ, Հայաստանը պետք է ունենա նախագահական կառավարում: Հիմա ով կլինի նախագահ՝ դա ապագայի հարց է, բայց անցումային կառավարությունը պետք է լուծի այնպիսի հարցեր, որոնք Փաշինյանը երբեք չի կարողանա լուծել, օրինակ՝ բանակցի գերեվարվածների պահով կամ անհետ կորածների հարցով զբաղվի: Տնտեսության հարցն էլ պետք է լուծել, մաքսիմալ ինչ կարող են անել՝ վարկեր հավաքել, որպեսզի կարողանան սոցիալական վիճակը պահել, բայց դա էլ է պայթելու: Որևէ ներդրում չկա, ոչ ոք չի ուզում ներդրում անել ՀՀ-ի նման անկայուն երկրում: Ինչ պայմանավորվել մի վարչապետի հետ, ով փախչում է սեփական ժողովրդից: Միգուցե մի օր կանգնի, ասի, որ ցեղասպանության հարցն այլևս Հայաստանին չի հետաքրքրում, միգուցե մի 300 մլն դոլար Թուրքիայից «կպցնեն»»,- նշեց նա: