Մենք եկել ենք այն մակարդակի, որ երկրի ղեկավարն իր անալիզների տերը չէ, ուրիշ մարդիկ են որոշում, թե ինչ պետք է ուտի, խմի տվյալ օրը. Տիգրան Քոչարյան

«Պատերազմից հետո հատկապես Սյունիքի անվտանգությունն իջեցվել է զրոյական մակարդակի: Կարող ենք ասել, որ Կապանի և Գորիսի շրջանի որոշ գյուղեր այլևս անվտանգ չեն՝ ապրելու համար: Օրինակ, Շուռնուխ գյուղի մի մասում ադրբեջանցիներ են կանգնած: Ստրատեգիական բարձունքների ու ճանապարհների որոշ մաս է ադրբեջանցիների մոտ, և խոսել Սյունիքի որոշ մասի անվտանգության մասին՝ շատ բարդ է: Եվ ինչ կլինի, եթե ապագայում Ադրբեջանը որոշի հարձակվել Հայաստանի վրա, և ինչքան զոհ ենք տալու այն պատճառով, որ այդ բարձունքներն ուղղակի նվիրվել են Ադրբեջանին՝ Փաշինյանի կողմից, նույնիսկ չեմ էլ ուզում պատկերացնել, բայց մենք մոտավոր հասկանում ենք, թե ստրատեգիական բարձունք գրավելու համար քան զոհ է պահանջվում»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Նա հիշեցրեց Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը, երբ ասել է, որ Արցախը մեզ համար ոչ այնքան տարածք է, որքան անվտանգություն:

«Հիմա, փաստորեն, հետևելով իր տրամաբանությանը, մենք կարող ենք ասել, որ Սյունիքը հանձնված է: Շատերը՝ իշխանության մեջ և նրանց սպասարկող ֆեյքերն ասում են, որ Հայաստանի տարածքից մեկ միլիմետր չի զիջվել, բայց էլի եմ ասում, եթե հետևում ենք Զոհրաբ Մնացականյանի և Արցախի հարցի շուրջ մեր բանակցային տրամաբանությանը այս 2 տարվա ընթացքում, այո, Սյունիքը փաստորեն հանձնվել է: Դա կանցնի մեր մյուս մարզերին, որոնք սահմանակցում են Նախիջևանին, Տավուշին, Գեղարքունիքին, դա արդեն ապագայի հարց է, բայց ունենալով Փաշինյանի նման բանակցող՝ կարելի է ասել, որ այնտեղի սահմանային գյուղերն էլի խնդիրներ ունեն: Եթե ոչ հիմա, ապա ապագայում Փաշինյանի մնալով՝ դա կշարունակվի: Կարելի է ասել, որ ՀՀ ամբողջ անվտանգությունը հիմա զրոյական մակարդակում է»,- նշեց Տիգրան Քոչարյանը:

Խոսելով Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ մեդիափորձագետն ասաց.

«Նոյեմբերի 10-ից Ալիևը ծաղրում, անպատվում և հայհոյում է Փաշինյանին, և որևէ արձագանք չի եղել: Այսինքն, Փածինյանին ավելի ձեռնտու է այստեղ ծեծել, կալանավորել ընդդիմադիրներին, քան ուղղակի հակադարձել Ալիևին: Այս հոգեբանական վիճակում գտնվող մարդն ինչպե՞ս է գնալու բանակցի մի մարդու հետ, ով իրեն ծաղրում է: Ամեն հարցի հետ կապված՝ ասելու է՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնիր, ինձ նեղացնո՞ւմ է: Երկրի ինքնիշխանությունը զրոյացվել է այն աստիճանի, որ այլ երկրի ղեկավարի հետ հանդիպելու համար մեր երկրի ղեկավարին իզոլյացնում են, անալիզներ են ամեն օր վերցնում, որ հետո որոշեն՝ թողնե՞ն հանդիպի Պուտինի հետ, թե՞ չթողնեն: Մենք եկել ենք այն մակարդակի, որ երկրի ղեկավարն իր անալիզների տերը չէ, ուրիշ մարդիկ են որոշում, թե ինչ պետք է ուտի, խմի տվյալ օրը: Հասկանո՞ւմ եք, թե մեր ինքնիշխանությունն ուր է հասել»:

Տիգրան Քոչարյանն անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման մասին՝ հիշեցրեց, որ դրանք ժամանակին բաց են եղել, և դեռ ԽՍՀՄ-ը նոր-նոր էր քանդվում, մեքենաներն անընդհատ թալանվել են, ավտոճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում և մեծ գումարներ էր վերցնում: Իսկ Թուրքիան այնպես կարող է անել, որ ՀՀ ներքին արտադրությունը վերանա, եթե առանց պատնեշներ դնելու սահմաններ բացվեն:

«Եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը դառնալու է գազալցակայանի նման մի բան՝ Ադրբեջան-Թուրքիան ճանապարհին: Այսինքն, մի երկիր, որը որևէ բան չի որոշում, ինքնիշխանության չկա, ենթարկվում է նրան, ով ավելի ուժեղ է»,- եզրափակեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս