Բաժիններ՝

Դպրոցներում պահպանել ջեռուցման նորմերը. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիշեցումը

Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։

Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

«ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվում են հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջներ՝ հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ Հաստատության շենքերում պետք է ապահովվի օդի հետևյալ ջերմաստիճանը՝ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան: Հաստատությունների շենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում»,- նշում են տեսչական մարմնից և հավելում, որ սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

ՀՀ առողջապահական և աշխատանքի ՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով սահմանված են նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները։ Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:

Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։

Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս