«Չեմ հասկանում, այդ տարածքներն իր հայրական տանի՞ց է բերել, որ այդպես նվիրում է». Վազգեն Սիսլյան

«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի խոսքով՝ Արցախում հայկական կողմի կրած պարտությունն իր համար հանելուկային, անհասկանալի է, սակայն փաստ է, որ բանակն այդ պատերազմում չի պարտվել։

«Միշտ վստահ եմ եղել մեր բանակի մարտունակության վրա, թե ինչ կատարվեց՝ բոլորիս համար պարզ է, իսկ այն, ինչ այսօր կատարվում է Սյունիքում ու Արցախում, այն, ինչ այսօր հանձնում են այդ տարածքներից, միշտ էլ հայտարարել եմ, որ 1 սմ  հող թշնամուն տալուն դեմ եմ։ Այս աստիճանին ամեն ինչ հասցնելը մի քիչ անհասկանալի վիճակ է։ Ավելի շատ զարմանում եմ ոչ թե՝ այդ գործողության հեղինակների վրա, այլ՝ ժողովրդի մնացած հատվածի վրա, որոնք լռում են և այդպես հանգիստ ընդունում են այս ամենը։ Մի քիչ հասկանան, էլի, հայրենիք են կորցնում, սա կատակ չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վ. Սիսլյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում կառավարություն առհասարակ գոյություն չունի, չկա նաև Ազգային ժողով, և չգիտի էլ, թե գործադիրի և օրենսդիրի անդամները որտեղ են թաքնվել և ինչ են անում։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր 17 կուսակցություններին, ապա, ըստ Վազգեն Սիսլյանի՝ նրանց առումով մարդկանց մեջ կա որոշակի տարաձայնություն, վստահության պակաս կա։

«Անկեղծ, մեջտեղ դուրս եկած այդ ընդդիմության ներկայացուցիչների խոսացածից էլ բան չեմ հասկանում, չեմ հասկանում թե հստակ նրանք ինչ են ուզում։ Այստեղ ընդհանուր խնդիրներ կան, ո՛չ իշխանություն կա, ո՛չ ընդդիմություն։

Ստեղծված իրավիճակում մեր գործողությունները պետք է լինեն 1990-94 թվականի գործողությունները։ Ես առհասարակ իշխանությունների հայտարարություններին չեմ հավատում, եթե ընդհանուր խոսակցության մեջ ասվում է, որ Հայաստանից դեպի Արցախ զորք չի ուղարկվել, ուրեմն այդ ռեսուրսները մնացել են։ Կրկնեմ՝ չեմ կասկածում մեր բանակի և ժողովրդի մարտունակության վրա, ուղղակի գաղափարի ու լիդերի խնդիր պետք է լուծել, սա է մեզ պետք, որից հետո ամեն ինչ կվերադարձվի»,- շեշտեց նա։

Ըստ նրա՝ մի բան է, երբ թշնամին հեռադիտակով նայում է հայկական կողմի դիրքերին, և այլ բան, երբ գալիս մտնում է հայերի տուն, ու չգիտեն, թե ինչ կարող են անել։

«Եթե այս անորոշ վիճակը շարունակվի ևս 1-2 տարի, ապա կոնկրետ ինձ համար խնդիր է նույնիսկ Սյունիք գնալը, ես ունեմ ՀՀ քաղաքացիություն, և եթե վախով պետք է իմ երկրում շրջեմ, ո՞ւր է իշխանությունը, կառավարությունը, ես որքանո՞վ եմ պաշտպանված այս երկրում։  Այդ ի՞նչ ճանապարհներ ու տարածքներ են տալիս, Գորիսից-Կապան գնալու համար, պետք է ադրբեջանցիների մոտով անցնես, սա անգլուխ բան է արվում, աննորմալ վիճակ է»,- ընդգծեց նա։

Նա նկատեց՝ «խելոքի» ստորագրած եռակողմ փաստաթուղթն իր համար նշանակություն չունի, բայց փաստ է, որ դրա քողի տակ տարածքներ է նվիրում թշնամուն։

«Ես չեմ հասկանում, այդ տարածքներն իր հայրական տանի՞ց է բերել, իր հայրական տան ապրա՞նքն է, որ այդպես նվիրում է, բաժանում է՝ առանց հարցնելու։ Մենք հույսներս մեզ վրա պետք է դնենք, ճանապարհներ գտնենք, չհիասթափվենք ու վերականգնվենք։ Այո, շատ բաներ չկա, բայց ես դրանք կորցրած չեմ համարում, այն, ինչը պատմականորեն մերն է, մերն էլ կմնա, մի քիչ ժամանակ է հարկավոր, հույս ու հավատ է պետք։ Այս բոլորը մեր գլխին եկավ, քանի որ որպես ժողովուրդ՝ չգիտակցեցինք հայրենիք հասկացությունը, այդ արժեքը չիմացանք։ Պարզ է, որ այս ամենը տեղի ունեցավ դավաճանության արդյունքում, երբ դավաճանեցին բանակին, և մենք շատ լավ գիտենք, թե ով։ Մինչև այժմ որևէ մեկը դրա համար չի պատժվել, ի՞նչ է նշանակում՝ այսքան պարտությունից ու վնասից հետո Պաշտպանության նախարարը կամ փոխնախարարը հրաժարականի դիմում գրեն ու հեռանան, ո՞վ պետք է պատասխան  տա այս ամենի համար, ժողովո՞ւրդը։ Այսօր զարմանալիորեն մեր սահմանների վրա անտերություն է, ու սա իշխանությունների պարտականությունն էր, ո՞ւր են նրանք, որևէ նախարարություն չի աշխատում, միայն պարգևավճարներ են ստանում։ Ես չեմ ուզում իմ հույսը կորցնել, որ կորցրածը հետ կբերենք»,- եզրափակեց Վազգեն Սիսլյանը։

Տեսանյութեր

Լրահոս