
Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ անվճար կպատվաստվեն

Չինաստանի բնակիչները կկարողանան COVID-19-ի դեմ անվճար պատվաստվել, երբ պատվաստանյութերը հանրամատչելի դառնան, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը, գրում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ «կառավարությունը երաշխավորում է COVID-19-ի դեմ պատվաստումների համար ծախսերի կազմակերպումը․ պատվաստումների համար ֆիզիկական անձինք ոչ մի գումար չեն վճարի»։
Նա նաև նշել է, որ 2020-ի դեկտեմբերի 15-ից մեկնարկած պատվաստումների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ հիվանդանոցներում դրանց համար բնակչությունից ապօրինաբար գումար է գանձվել, ինչից հետո խիստ հսկողություն է սահմանվել։
Ավելի վաղ Ցզեն Իսինը հայտնել էր, որ առաջին փուլում կպատվաստվեն մաքսային ծառայության տեսուչները, բուժաշխատողները, ծովային և ավիացիոն փոխադրումների ոլորտի աշխատակիցները, ծովամթերքների շուկաների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի աշխատողները:
Երկրորդ փուլում, երբ պատվաստանյութն արդեն շուկա մտնի կամ ավելանա դրա արտադրության ծավալները, պատվաստվողների շրջանակը կընդլայնվի։