Բաժիններ՝

«Հոգևոր ցինիզմ». Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հայաստանում այսօր երկրակործան ահավիրք է դարձել օրեցօր համատարած դարձող հոգևոր ցինիզմը…. և այն քեզ կգտնի ամենուր՝ անգամ որդուդ հուղարկավորության կամ շիրիմին անզգա սգալու ժամանակ…. իսկ ավելի խարդախ տեսակը՝ պետական ամենազգայուն խնդիրների քննարկման հարցում՝ Արցախ- Հայաստան դավադիր տարանջատման, իրար դեմ հանելու, իրար վրա հրահրելու և դրանից լայքահավաք շոուներ ստանալու ինքնասպան մոլուցքով….

Որդուդ թարմ շիրիմից կյանք վերադառնալու ճանապարհին հանկարծ հասկանում ես, որ վերջինը չես տվել դեռ…..որ այս ցավագար ամբոխը դեռ քեզանից կխլի անգամ լացիդ, մորմոքիդ, վերջին շշուկիդ անձնապատկան գերակա իրավունքն ու կծառայեցնի իր եղկելի նպատակներին….

Չէ, չի կարելի….. հանուն ոչ մի բանի կյանքում չի կարելի այդքան ……այդքան լինել, որակեք ինքներդ ձեր արածները, ես ձեզ վիրավորել չեմ ուզում, ես միայն մայրաբար, մասնագիտորեն ու մանկավարժորեն խնդրում եմ՝ մի արեք. լրագրությունը նախ խիղճ ու պատիվ պետք է ունենա, հետո վեհ նպատակի պետք է միայն ծառայի, միմիայն վեհ….

Իսկ ո՞րն էր անձնական սգո ու ցավի միջավայր առանց թույլտվության ներխուժելու ձեր նպատակը. ներկա իշխանության նկատմամբ իմ աններում վերաբերմունքով շոյել հակադիր բևեռի սպասումնե՞րը, թե քիչթեշատ ճանաչված մոր սգո տարբերվող դրսևորումների սպասումով աղմկոտ դիվիդենտներ հավաքելու ամոթալի մարմաջը…… անգամ եթե ես բազմիցս հայտարարել եմ, որ ինձ համար չկա՞ն ներկա կամ նախկին իշխանություններ, որ իմ խորին համոզմամբ որդուս և Հայրենիքիս կործանող հրեշը քառագլո՞ւխ է…..

Մի՛ արեք, տխուր է, ես շաատ եմ քարացել, ինձ չեք ցավացնի, բայց ուրիշներին մի ցավացրեք….. թող ձեզ երբեք, երբեք մեր ցավը չպատի, բայց ոչ ոք դրանից երաշխավորված չէ, հարգանք ունեցեք ցավի նկատմամբ…… հոգևոր ցինիզմի մի տրվեք այդքան անիմաստ:

Չէի գրի թերևս այս տողերը, եթե երեկ տեսած չլինեի մեր զինվորների Արցախ տանելու տխուր ու էլի կործանարար տեսանյութը- իր փնթիության ու անհեթեթության մեջ ակնառու հատուկ նպատակով կազմակերպած այդ անհասկանալի «ներկայացումը», ցավոք, երևի ծառայեց իր նպատակին հենց «փոթորիկ» փնտրող լրատվության և գերզգայուն դարձած ծնողների միամիտ մասնակցությամբ- բայց նորից խալխլելով սեփական տան հիմքերը…..

Ես կարող եմ այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք, որևէ կերպ հասկանալ որդուն վտանգից պաշտպանել ցանկացող ծնողին, բայց երբեք, երբեք չեմ կարող հասկանալ մասնագիտությունս կիսող մարդկանց՝ լրագրողներին, թե ոնց են դավադիր «ռեժիսորների» հերթական ներկայացման ազդարարները դառնում…. լավ եթե անգամ այդ ամենն այսքան տարօրինակ տխուր է, ապա ինչպիսին են և ուր են ուղղված շեշտադրումները՝ Արցախն արդեն Ադրբեջան է , հա՞, ընդամենը մի ազգադավ ու անմեղսունակ «վարչապետիկի» հայտարարությա՞մբ: Վե՞րջ, իսկ մեզ՝ իրենց որդիներին Արցախին նվիրած մայրերին հարցրել ե՞ք, թե ինչքան է թանկացել այդ նույն հողն իրենց համար, միթե Արցախը մերն էր միայն ալիևի, պուտինի կամ նիկոլի որոշմամբ…..դուք այդ հարցը Եռաբլուրում տվե՞լ եք, Մոնթեին, Լիոնիդին տվել ե՞ք…. այսպե՞ս ենք Հայրենիք ու հայրենի հող պահելու….. ձեզ թվում է Նժդեհը սխալվո՞ւմ էր, թե « ժողովրդի դաստիարակման գործում մեծագույն դերը մամուլինն է»: …. ժամանակները դժնի են, այո, մայրերը կարող են որդու կորստի վախից խելագարվել ու սխալվել…..իսկ դո՞ւք, դուք, որ վաղը էլի հող եք դառնալու….կուզեիք, որ հող դարձած ձեր մարմիններն այդքան հեշտությամբ զիջեին….զիջեին, մինչև ո՞ւր, Սյունի՞ք, Վայոց ձո՞ր, թե կարծում եք Երևանն այդքան հեռու է…..

Մի արեք, հարգելի լրագրողներ…..Այսքան «հոգատարորեն» ավերված մեր երկրում այսօր այնքան ցավոտ ու ուշադրության արժանի թեմաներ կան, որոնք ձեզ միայն պատիվ կբերեն, իսկ որ ամենակարևորն է հայրենիքի կառուցմանն ու ժողովրդի դաստիարակությանը կնպաստեն, որ անգործ հաստատ չեք մնա, մի արեք…..»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս