Ինդոնեզիայում հստակեցրել են ինքնաթիռի կործանման վայրը
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարիա Սումադին հաստատել է տեղեկությունը՝ Պուլաու Լակի կղզու մոտակայքում ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Detik պորտալը:
«Այո, Լակի կղզուց ոչ հեռու», – ասել է նա ՝ պատասխանելով հարցին՝ հաստատվե՞լ է, որ SJY182 ինքնաթիռը վթարի է ենթարկվել:
Ըստ Airlive մասնագիտացված պորտալի՝ ինքնաթիռում եղել է 62 մարդ: Նրանց թվում կա 46 մեծահասակ, 7 երեխա և 3 նորածին, ինչպես նաև 2 օդաչու և 4 բորտուղեկցորդուհի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ: