«Եթե իրենք իրենց նախկին կոլեգաներին համեմատում են ուսապարկերի, ոչ մի բանի հետ, նշանակում է՝ իրենք իրենց զգում են այդ որպես ոչ մի բանը, այդ ուսապարկը». Տիգրան Քոչարյան

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո «Իմ Քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ դուրս եկան խմբակցությունից՝ պահպանելով մանդատը: Երեկ նման պատգամավորների շարքին միացավ նաև Շիրակից ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Սոֆյա Հովսեփյանը՝ դառնալով 5-րդը:

Այս հանգամանքին անդրադարձան իմքայլական մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ Ռուբեն Ռուբինյանը, որ ֆեյսբուքյան իր էջում բացատրություն էր պահանջում գործընկերներից, թե ի՞նչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր, քանի որ, ըստ նրա, պատգամավորները մանդատ են ստացել միայն «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով:

Թեմային այսօր անդրադարձել էր նաև ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը՝ պնդելով, որ, եթե Սոֆյա Հովսեփյանից հետո նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ՝ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

168.amմեդիափորձագետ Տիգրան Քոչարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակ են հետապնդում խմբակցությունից դուրս եկողների նկատմամբ նման մեդիագրոհները: Փորձագետը պնդեց, որ սա հայտնի տեխնոլոգիա է, որը Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ավելի վաղ ևս կիրառել են:

«Քանի որ արդեն այդ մարդկանց՝ այդ 5 հոգուն, որ դուրս են եկել ֆրակցիայից, հետ չեն բերի, որովհետև ֆրակցիայից դուրս գալն արդեն դժվար քայլ է, սա հիմնականում ուղղված է նրան, որ կանգնեցնեն ապագա դուրս եկողներին: Այս հայհոյանքների, ծաղրանքի, վիրավորանքների տեղատարափը հիմնականում ուղղված է արգելափակելու ապագա մարդկանց ելքն այդ ֆրակցիայից, որ այլևս որևէ մեկը չհամարձակվի ճիշտ քայլ անել և դուրս գալ այդ խմբակցությունից: Բայց դա չի ստացվելու, ինչքան էլ մարդկանց վախեցնեն, ինչքան էլ մարդկանց վրա փորձեն քրեական գործեր կարել, փորձեն հետապնդել տարբեր տիպի փողոցային թափթփուկների միջոցով, դա չի ստացվի, քանի որ ինչ արել է այդ կուսակցության ղեկավարը՝ դավաճանություն, Հայաստանի անվտանգության զրոյացում, ինքնիշխանության զրոյացում, շատ մարդիկ հասկանում են, որ այն կարմիր գիծը, որ դեռևս իրենց պահում է ՔՊ-ում, անցած է, և մարդիկ չեն ուզում դավաճանի խարանը կրել իրենց ճակատներին ու այդ խարանը փոխանցել իրենց սերունդներին: Դրա համար այս հոսքը շարունակվելու է:

Սա հայտնի տեխնոլոգիա է, դա ոչ միայն իրենց դեպքում է, դա նաև Ֆեյսբուքում է: Ժամանակին, երբ մարդը Նիկոլ Փաշինյանին կամ իր թիմակիցներին հակառակ կարծիք էր հայտնում, կրկին ենթարկվում էր հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների տեղատարափին, և դա հիմնականում արվում էր նրա համար, որ այն մարդիկ, ովքեր ուզում էին աջակցել հակառակվողին, որ իրենք լռեն: Ամեն դեպքում շատ տգեղ երևույթ է»,- ասաց Քոչարյանը:

Մեդիափորձագետի պնդմամբ՝ «Իմ Քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին «Նիկոլի ուսապարկ»-ի հետ համեմատելով՝ ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգողն ակամա վիրավորել է խմբակցությունում մնացած մյուս բոլոր պատգամավորներին:

«Այսպիսի մի բան կա, որ, եթե մարդն ինչ-որ մեկին վիրավորում է, ապա այդ վիրավորանքը հասցեագրում է ինքն իրեն: Եթե որոշ պատգամավորներ, ՔՊ սպասարկողներ իրենք իրենց նախկին կոլեգաներին համեմատում են ուսապարկերի հետ, ոչ մի բանի հետ, նշանակում է, որ իրենք իրենց զգում են այդ ոչ մի բանը, այդ ուսապարկը: Դա միայն այդպես կարելի է մեկնաբանել: Եթե դու մեկին մեղադրում ես, ասում ես, որ, եթե քվեարկության թերթիկում լիներ ուսապարկը և, ենթադրենք, էդ մարդը, ապա ժողովուրդը կընտրեր ուսապարկին, դա նշանակում է, որ ֆրակցիայում մնացած 83 հոգին այդ ուսապարկն են: Դրանով վիրավորելով, ենթադրենք, Սոֆյա Հովսեփյանին կամ այլ մարդկանց, ակամայից վիրավորում են մնացած 83 հոգուն: Կանխելու փոխարեն՝ հիմա, փաստորեն, ֆրակցիայում որոշ արժանապատվություն ունեցողների դրդում են, որ իրենք էլ լքեն ֆրակցիան»,- ասաց Քոչարյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում պատմական էքսկուրս է իրականացրել և հիշեցրել իր գործընկերներին, թե ինչպես էին իրենք ընտրություններին ընդառաջ բուկլետ բաժանում, ինչպիսի ջերմեռանդությամբ էին հանդիպումների ժամանակ հանդես գալիս՝ որպես Նիկոլ Փաշինյանի աջակից, և կոչ է արել, որ ազնիվ գտնվեն իրենք իրենց նկատմամբ։ Մեր հարցին, թե արդյո՞ք այս գրառումը նշանակում է, որ Դավոյանը համաձայն է վերոբերյալ պնդումներին, Տիգրան Քոչարյանը պատասխանեց.

«Ցիտեմ ֆեյսբուքյան օգտատերերից մեկին՝ Արփի Դավոյանն առաջին անգամ մազերը լվացել է այն ժամանակ, երբ դարձել է պատգամավոր: Այդպիսի մարդիկ բարոյական իրավունք չունեն որևէ մեկին ինչ-որ բան ասել, հատկապես Արփի Դավոյանը, որը շատ հետաքրքիր կենսագրություն ունի: Հարգելով բնության կողմից իրեն շնորհված սեռը՝ ես շատ բաներ չեմ արտահայտի, բայց այդպես արտահայտվել այն մարդու մասին, ում հետ ճանապարհ ես անցել, հաց ես կիսել, ընդհանուր գաղափարներ ես ժամանակին ունեցել: Եթե դու, լինելով ոչ մի բան, հասկանում ես, որ ելնելով ԱԺ-ից դուրս՝ կդառնաս էլի հին ոչ մի բանը, իսկ այդ մարդը, ով դուրս է եկել ֆրակցիայից, կայացած մարդ է և իրեն կգտնի կյանքում, դրա համար ստիպված այդպիսի վիրավորանքներ ես հասցնում: Արփի Դավոյանին խորհուրդ կտամ ընդհանրապես լռել և սպասել ահեղ դատաստանին»:

Անդրադառնալով բոլոր այն պատգամավորներին, որոնք դեռ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին՝ Տիգրան Քոչարյանն ասաց, որ բոլորն էլ կրելու են իրենց բաժին պատասխանատվությունը:

«Սիսիանի սպասավորի խոսքերով եմ ուզում ասել՝ թող սպասեն ահեղ դատաստանին, դա կլինի երկնային, թե երկրային»,- եզրափակեց Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս