Մեզ մոտ շահագործվեց «դեմոկրատիա» հասկացությունը. սա արդեն օխլոկրատիայի է նմանվում. Մարտին Վարդազարյան
Այսօր մի խումբ մտավորականներ՝ արվեստագետներ, բժիշկներ, բիզնեսմեններ, հրատապ ժողով էին հրավիրել և հայտարարություն ստորագրեցին, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրաժարականը: Ժողովի ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ Մարտին Վարդազարյանն ասաց, որ մեր հասարակությունը դյուրահավատության պատճառով ունեցել է մեծ կորուստներ, ինչի արդյունքն է նաև այն իրավիճակը, որն ունենք այսօր: Վարդազարյանն ինքն իր համար վերանայել է որոշ հանգամանքներ:
«Պարզեցի, որ դեմոկրատիա հասկացությունն ամենակատարյալը չէ, ինձանից առաջ ավելի խելոք մարդիկ այդ եզրակացությանը եկել են, բայց դա օգտագործել և շահագործել, դրանք ևս տարբեր ուղղություններ են, մեզ մոտ շահագործվել է դեմոկրատիա հասկացությունը, եթե վերլուծենք, սա արդեն նմանվում է օխլոկրատիայի՝ ամբոխավարության, իսկ ամբոխն ավելի հեշտ կառավարելի է, և դրա արդյունքն էլ մենք տեսանք: Դյուրահավատություն, դեմոկրատիան փոխարինել ամբոխավարությամբ, և ունեցանք այն, ինչ ունենք հիմա»,- ասաց Վարդազարյանը:
Երաժիշտը հիշեցրեց, որ 44 օր մեզ ասում էին, թե հաղթում ենք, վերջում պարտվեցինք: Վարդազարյանի պնդմամբ՝ ժամանակն է, որ յուրաքանչյուրը հասկանա, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է:
«Ազգը մնայուն է, ժողովուրդը՝ փոփոխական, ժողովուրդը միշտ չէ, որ ազգին արժանի լինելու եզրակացության է գալիս, սա էլ ցավալի է… Մենք կորցրինք գենոֆոնդը, մենք այնքան կորուստ ունեցանք այս ընթացքում, որքան Սովետական Միությունը 10 տարվա կիսապատերազմի ընթացքում ունեցավ Աֆղանում»,- ասաց Վարդազարյանը:
Նա նաև պնդեց, որ չի կարելի հավատալ թշնամուն, անգամ, եթե նա բարեհաճ խոսքեր է ասում:
«Ինչպես Սերո Խանզադյանն էր ասում՝ «թորքը մնում է թորք»»,- ասաց Վարդազարյանը: