Երևի արդեն շատ եմ խանգարում. Գագիկ Սարգսյանը՝ ռեկտորի ընտրությունից օրեր առաջ իր դեմ հարուցված քրգործի և ընտրությանն իր հաղթելու մասին

2020 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունենալու ռեկտորի ընտրություն։ Ռեկտորի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածու՝ գործող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ԲՀԿ-ական Արմեն Գրիգորյանը և ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, որի նկատմամբ ռեկտորի ընտրությունից 11 օր առաջ՝ դեկտեմբերի 30-ին, ըստ մամուլի հրապարակման, հարուցվել է քրեական գործ՝ 3 ուսանողից գումար վերցնելու և գնահատական նշանակելու համար։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Գագիկ Սարգսյանը նշեց, որ հունվարի 8-ի դրությամբ չի ստացել իրավապահ կառույցներից որևէ ծանուցագիր և իր դեմ հարուցված քրեական գործի մասին իմացել է իրեն զանգահարած լրագրողից։

«Հունվարի 5-ի երեկոյան զանգ ստացա, աղջիկը ներկայացավ՝ որպես լրագրող, և հարցրեց՝ Ձեր նկատմամբ քրեական գործ կա՞ հարուցված։ Պատասխանեցի՝ կատա՞կ եք անում, ես ընդհանրապես որևէ գործով նույնիսկ որպես վկա չեմ անցել իմ ողջ կյանքում։ Պատասխանեց, որ երևի տոներ են, դրանից հետո ծանուցագիր կստանամ։ Ես էլ պատասխանեցի, որ, եթե այդքան լավ տեղեկացված է, գուցե ասի, թե ինձ ինչո՞ւմ են մեղադրում, նա էլ պատասխանեց, որ ինձ մեղադրում են ուսանողներից գումար վերցնելու և գնահատական նշանակելու մեջ։ Գիտեր նաև առաջադրված հոդվածը։ Ասացի, որ այս ամենը հերյուրանք է»,- պատմեց Գագիկ Սարգսյանը՝ նշելով, որ փորձում է հավատալ, որ այս քրեական գործի հարուցումը պատահականություն է, սակայն հետաքրքիր է, որ այդ պատահականությունը տեղի է ունենում ընտրությունից մի քանի օր առաջ։

«Եթե նույնիսկ տեսականորեն նման բան կար, ինչո՞ւ դա չէր արվում մեկ տարի, երեք ամիս առաջ, այլ արվում է հիմա։ Ես դեռ ծանուցագիր չեմ ստացել, եզրահանգումներ չեմ անի, բայց փաստում եմ, որ, ըստ արդեն հրապարակված հոդվածի, դեկտեմբերի 30-ին հարուցել են քրեական գործ, նույն օրն ուղարկել ՔԿ, դեկտեմբերի 31-ին հաջորդում են տոնական օրեր, որոնց ավարտից անմիջապես հետո տեղի է ունենալու ռեկտորի ընտրությունը, հետևաբար՝ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք այդ քրեական գործը ինչ-որ տեղ խաղալ իմ հեղինակության հետ, պատասխանեմ՝ իհա՛րկե կարող է»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ այդ դեպքում ո՞ւմ է ինքը խանգարում, որ ռեկտորի ընտրությունից առաջ նման զուգադիպություններ են տեղի ունենում, Գագիկ Սարգսյանը պատասխանեց.

«Դե, երևի արդեն շատ եմ խանգարում, որ նման զուգադիպություններ կան․․․ Չեմ կարող ասել, թե ում եմ խանգարում»։

Հարցին էլ՝ իսկ ի՞նչ քաղաքական հայացքների են այդ դեպքում հարում ինքը և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, Գագիկ Սարգսյանը պատասխանեց.

«Իմ տեղեկություններով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը ժամանակին հանդիսացել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, բայց քաղաքական հայացքներով այսօրվա իշխանական՝ «Իմ քայլը» կուսակցության հայացքներն է կիսում։ Ես ժամանակին եղել եմ Հանրապետական կուսակցսւթյան անդամ, 2001 թվականից դուրս եմ եկել կուսակցական քաղաքական գործունեությունից՝ հասկանալով, որ դա իմը չէ, ու լծվել եմ մանկավարժական գործին։ Որոշ առումներով համաձայն եմ այսօրվա քաղաքական տարվող գծի հետ, որոշ առումներով՝ ոչ։ Ինքս մարդկանց երբեք չեմ փորձել ընդունել կամ չընդունել քաղաքական հայացքների համար, հետևաբար՝ հեռու եմ այն մտքից, որ այս ամենն իմ դեմ կարող է կապված լինել քաղաքական հայացքների հետ,- ասաց Գագիկ Սարգսյանը՝ պնդելով,– Այնուամենայնիվ, վստահ եմ՝ ռեկտորի ընտրությանը ես ընտրվելու եմ միանշանակ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս