«Հանկարծ էնպես չլինի, որ մեկ էլ ասեն, թե հունվարի 8-ին, ժամը 15:00-ին է փաստաթուղթը հայտնվել». Ռուբեն Մելիքյան
Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Արդարադատության նախարարության առջև և պահանջում էին հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը, որի մասին տեղեկություններ էին տարածվել, թե ԱՆ-ում է և պարունակում է նոր զիջումների մասին կետեր: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ սուտ է տարածվող տեղեկատվությունը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին չբավարարեց ստացված հերքումը:
«Ունենք երկու-երեք օր մինչև հունվարի 11-ը: Արձանագրենք, որ Արդարադատության նախարարն այսօր նման հայտարարություն է արել: Ես շատ հստակ հայտարարում եմ, որ չլինի թե հունվարի 11-ին էլ հայտարարեն, թե էդ պահի դրությամբ չկար, բայց կես ժամ հետո փաստաթուղթ ստացանք, ի հայտ եկավ: Մենք սա արձանագրում ենք և հետևություններ կանենք»,- ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանը պահանջեց կա՛մ հրապարակել փաստաթուղթը, կա՛մ համոզիչ կերպով ներկայացնել, որ այն չկա: Մելիքյանն այս պահի համար դրական որակեց այն փաստը, որ նախարարն իջավ ներքև և այդ հայտարարությունն արեց:
«Հետագայի համար մենք այս փաստն օգտագործելու ենք, եթե հունվարի 11-ին փաստաթուղթ է ստորագրվելու, մենք լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 8-ին»,- ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ ստացված հերքման մասին հետևություն կարող են անել միայն հունվարի 11-ին:
«Մենք ունեցել ենք հսկայական փորձ, որ մարդիկ 44 օր հայտարարում էին, թե ամեն ինչ լավ է, հետո պարզվեց, որ ամեն ինչ վատ է, և նրանք շարունակում են սովորական իրենց գործունեությունը: Եթե նույն իրավիճակին բախվենք, ավելի կոշտ ենք արձագանքելու: Մենք 2-րդ նոյեմբերի 9-ը չենք հանդուրժելու»,- ասաց Մելիքյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ լրացուցիչ տեղեկություններ կստանան մոտակա օրերին:
«Ինձ հարցնում եք՝ բավարարվա՞ծ եմ պատասխանից, թե՞ ոչ, ոչ, ես բավարարված չեմ, իմ մտավախությունները փարատված չեն: Հանկարծ էնպես չլինի, որ հետո էլ հայտարարեն, որ հունվարի 8-ին ժամը 15:00-ին է փաստաթուղթը հայտնվել»,- ասաց Մելիքյանը: