«Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ չկա, եթե լիներ միջազգային պայմանագիր, ես տեղյակ կլինեի». Ռուստամ Բադասյան

Երեկ Madiaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ իր հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նոր զիջումների է գնալու, և, որ այդ փաստաթղթի նախագիծը գաղտնի կերպով ուղարկվել է Արդարադատության նախարարություն: Այսօր մի խումբ քաղաքացիներ եկել էին ԱՆ-ի առջև և պահանջում էին հրապարակել փաստաթուղթը: ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ, կարճ քննարկում ունեցել և խնդրել, որ նախարարը, հարգելով քաղաքացիներին, իջնի ներքև՝ տեղեկացնելու իրենց քննարկման մասին: Բադասյանը արդեն ԱՆ-ի առջև դիմեց քաղաքացիներին.

«Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա: Տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը: Նոր ոճ է ի հայտ եկել, որ տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության է տարածվում, որի վրա հետագայում տարածում են մեր մյուս ԶԼՄ-ները, և հասարակությունում առաջանում են հուզումներ, սխալ տեղեկությունների հիման վրա՝ անհանգստություններ: Ես կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման աղբյուրներին: Այդպիսի պայմանագիր չի ստացվել, նման պայմանագիր գոյություն չունի ԱՆ-ում, հետևաբար՝ տարածված լուրն ամբողջությամբ սուտ է, չի համապատսախնում իրականությանը»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հարցին, թե կարող է փաստաթղթի անունը «պայմանագիր» չլինել, այլ անվամբ փաստաթուղթ ԱՆ-ն ստացե՞լ է, Բադասյանն արձագանքեց.

«Կարող եմ պատասխանել, որ ԱՆ-ում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր, միջազգային պայմանագիր, գոյություն չունի, չի ստացվել, չկա»:

Մելիքյանի մյուս հարցին, թե Բադասյանը՝ որպես Կառավարության անդամ, տեղյա՞կ է առհասարակ նման փաստաթղթի առկայության մասին, Բադասյանը կրկին բացասական պատասխան տվեց:

«Եթե լիներ միջազգային պայմանագիր ես՝ որպես Կառավարության անդամ, տեղյակ կլինեի: Որևէ նման հարց չի քննարկվել, որևէ տեղեկատվություն նման պայմանագրի մասին չունեմ»,- ասաց Բադասյանը:

Լրագրողների հարցին, թե բավարարե՞ց իրեն նախարարի պատասխանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը պատասխանեց.

«Նախարարը հավաստիացրեց, վստահեցրեց, որ չկա ԱՆ-ում նման փաստաթուղթ, և քանի որ այդ փաստաթուղթը չի կարող ապագայում օդից ծնվել, գալ առանց այս ընթացակարգն անցնելու, առանց նախարարությունում առկայության, այս պահի դրությամբ հավաստիության կանխավարկածով պետք է առաջնորդվենք»:

Արծվիկ Մինասյանը նաև ավելացրեց, որ սա չի նշանակում, թե պայքարն այսքանով ավարտվում է:

Տեսանյութեր

Լրահոս