«Մենք չգիտենք՝ իրականում ի՞նչ է կատարվում Փաշինյանի գլխում». Էլինար Վարդանյան
Երեկ Madiaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ իր հավաստի տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Madiaport-ի փոխանցմամբ՝ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։ Այսօր մի խումբ քաղաքացիներ, իրավաբաններ հավաքվել են Արդարադատության նախարարության առջև և պահանջում են հրապարակել այդ փաստաթուղթը: Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Կարծում եմ, որ, եթե Փաշինյանը գնում է Մոսկվա, ապա ակնկալվում է, որ, ի վերջո, նոյեմբերի 9-ի փաստաթղթի շարունակությունը պետք է լինի, և երեկ տարածված ինֆորմացիան, իսկապես, շատ մտահոգիչ է: Եթե իրականում հերթական ստորացումն է սպասվում ՀՀ-ին, ապա մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչի՞ շուրջ են լինելու բանակցությունները, և իսկապես ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու: Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ կերպ արծարծված չէին: Դրանք ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ էին, պայմանավորվածություններից դուրս քայլեր էին, որոնք ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի համար ոչ նպաստավոր էին»:
Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե կան բանավոր պայմանավորվածություններ, Էլինար Վարդանյանը պնդեց, որ նման հարցերը բանավոր պայմանավորվածություններով չեն լուծվում:
«Մենք չգիտենք, թե իրականում ի՞նչ է կատարվում Փաշինյանի գլխում, ամեն հաջորդ անգամ մենք տեսնում ենք, որ ոչ կշռադատված որոշումներ են լինում: Ես ունեմ մտավախություն, որ Մոսկվայում հանդիպումը լինելու է հերթական ոչ կշռադատված և մեզ համար ստորացուցիչ փաստաթուղթը: Մենք այսօր այստեղ հավաքվել ենք, քանի որ մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչպիսի՞ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել։ Այն, որ Փաշինյանն իր սոցիալական ցանցում հրապարակել էր, խոսում է այն մասին, որ մտահոգություններն իսկապես տեղին են»,- ասաց Վարդանյանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր տարածված տեղեկությունը, թե ԱՆ-ն ինչ-որ փաստաթուղթ է ստացել: Էլինար Վարդանյանին ներկայացված հերքումը չի բավարարում, քանի որ, իր խոսքով՝ 44 օր խաբել են, հնարավոր է, որ հիմա էլ հերթական սուտն է ասվում: