Հիմա հստակ է, որ հունվարի 11-ին գնում է մի բան բանակցելու կամ ստորագրելու. Արսեն Բաբայան
Քաղաքացիները հավաքվել են Արդարադատության նախարարության մոտ և պահանջում են հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։
«Այս պահին ամենաանվստահելին պետական աղբյուրներն են: 44 օր մեզ շատ տարբեր բաներ էին փորձում համոզել, ասել, որ չկա այսպիսի բան, փաստաթղթի ստորագրման օրն ասում էին, թե իբր Շուշիի համար շարունակվում են մարտերը: Այնուամենայնիվ, մենք գիտենք մի բան. 2 տարուց ավելի այս իշխանությունն ասում է՝ բանակցում ենք՝ ինչ ուզում ենք, ու մեզ չհարցնեք, թե ինչ ենք բանակցում:
Ու մենք տեսանք, թե նրանք ինչ են բանակցում, ու բանակցությունների հետևանքներն ինչպիսի ավարտ ունեցան:
Հիմա հստակ է, որ հունվարի 11-ին գնում է մի բան բանակցելու կամ ստորագրելու: Հետևաբար՝ կարծում եմ, որ կառավարությունը պարտավոր է մեզ տեղեկացնել, թե ինչի շուրջ են բանակցելու կամ ինչ փաստաթուղթ են ստորագրելու: Եթե չկա այդպիսի պայմանագիր, ապա ի՞նչ փաստաթուղթ կա: Շարունակում են հանրությունից գաղտնի պահել ամբողջ տեղեկությունը, և սա ինձ մոտ արդեն օբյեկտիվ կասկածներ է առաջացնում, որ ՀՀ տարածքի զգալի մասն էլ են պատրաստվում հանձնել, որովհետև ձեռագիրը նույնն է, հետևանքն էլ կլինի նույնը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: