
Մթերք, որն օգնում է հեշտությամբ նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը

Բրիտանական Express պարբերականը՝ վկայակոչելով մասնագետներին, գրում է, որ շաքարային դիաբետն ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը բնորոշվում է արյան մեջ շաքարի մակարդակի ախտաբանական բարձրացմամբ, սակայն սննդակարգում սիսեռի գործածությունն օգնում է արագ նվազեցնել այդ ցուցանիշը:
Ըստ փորձագետների՝ սիսեռը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են օրգանիզմում ածխաջրերի յուրացման գործընթացը, ինչի շնորհիվ դրանք ավելի դանդաղ են տարրալուծվում ու վերածվում գլյուկոզայի: Արդյունքում այն չի հասցնում կուտակվել և արյան մեջ շաքարի մակարդակը չի բարձրանում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր ցորենով պատրաստված ուտեստը սիսեռով պատրաստված ուտեստով փոխարինելը վեց շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Բացի այդ, մասնագետները նշում են, որ այս մթերքն ազդում է նաև քաշի կուտակման գործընթացի վրա, ինչի շնորհիվ ևս օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սիսեռի գործածության դեպքում հագեցածության զգացումը պահպանվում է շատ ավելի երկար ժամանակով, ինչի շնորհիվ անառողջ մթերք ուտելու ցանկությունը նվազում է: