«Մեծ հաշվով, որևէ բան բացառել պետք չէ, մանավանդ, որ Թրամփը դեռևս երկու շաբաթ ունի նախագահելու համար». Միջազգայնագետ

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ երեկ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում: Նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Բողոքի ակցիաների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս իրադարձություններին՝ նշեց, որ պրոցեսը կապված էր բողոքարկման հետ. «Այն մարդիկ, ովքեր դուրս էին եկել բողոքի ակցիա իրականացնելու, դժգոհում էին Թրամփի պարտության դեմ՝ համարելով, որ այդ պարտությունը կեղծված է եղել»:

Հարցին՝ այս ակցիաները կունենա՞ն շարունակություն, միջազգայնագետը պատասխանեց. «Կարծում եմ ՝ որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենա, որևէ բան չի փոխվի»:

Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք նաև, թե որքանո՞վ է հավանական միջազգային տեղեկատվական հարթակներում շրջանառվող այն վարկածը, որ Դոնալդ Թրամփը հեռանալուց առաջ կարող է գնալ Իրանի դեմ «արկածախնդրության»։

Ի պատասխան՝ նա նշեց. «Որևէ բան բացառել պետք չէ և չի կարելի, որովհետև գիտեք՝ լարված են հարաբերությունները հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում և, մասնավորապես՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, գիտեք նաև, որ մեկ օր առաջ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ, նաև գիտեք, որ Իրանում անօդաչու թռչող սարքերով զորավարժություններ են իրականացվում: Այնպես որ՝ երկու կողմերն էլ զգում են հնարավոր լարվածության հեռանկարը և, բնականաբար, երկու կողմերն էլ պատրաստվում են:

Մեծ հաշվով, որևէ բան բացառել պետք չէ, մանավանդ, որ Թրամփը դեռևս երկու շաբաթ ունի նախագահելու համար, բացի դրանից՝ նա կարող է որոշակի գործողություններ իրականացնել Իրանի դեմ և ստիպել հաջորդ վարչակազմին շարունակել այն կետից, որը նա կթողնի իրենից հետո:

Հուսանք, որ այդ ծանր պրոցեսները չեն լինի, որովհետև դա ուղիղ հարվածելու է նաև Հայաստանին»:

Տեսանյութեր

Լրահոս