«Պետք է քննություն իրականացնել, թե Շուշիում պատերազմից առաջ որքա՞ն գումար է եղել, ի՞նչ է արվել». Գառնիկ Իսագուլյանը՝ Շուշիից անհետացած գումարի մասին

Այսօր ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը, հղում կատարելով @armvoice տելեգրամ ալիքին, գրել է.

«Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Շուշիից կորած փողերի փաստով, ձերբակալել Քյարամյանին ու բացահայտել նրա և Փաշինյանի կապը: Ահա և ձեզ առիթ Փաշինյանին շուտափույթ կալանավորելու համար»:

Նա նաև հիշեցրել է, որ պատերազմի ժամանակ Քյարամյանն ազատվել էր ԱԱԾ պետի պաշտոնից, սակայն չէր հեռացել Արցախից: Այսօր ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով մամուլում հրապարակված այս տեղեկությանը՝ ասաց.

«Ավանդույթ է դարձել, որ, եթե ընդդիմադիր որևէ մեկը  ինչ-որ բան ասում է, ապա այդ փաստի հետ կապված անպայման տեղի են ունենում գործողություններ, այն էլ՝ քննչական գործողություններ, ձերբակալություն, հետո՝ դատարան, կալանքի թույլտվություն ստանալու ցանկություն և այլն: Բայց երբ դրա մասին ինչ-որ մեկը հայտարարություն է անում, ցավոք սրտի, այդ հայտարարությունները մեր իրականության մեջ տեղ չեն գտնում: Պարտավոր են Դատախազությունը, Քննչական մարմինները, ԱԱԾ-ն այդ հայտարարությունների հիման վրա քրեական գործ հարուցել, հետո պարզել, թե դրանք իրականության հետ ինչ-որ կապ ունե՞ն, թե՞ ոչ: Դրա փոխարեն՝ քննչական մարմինները կանչում են հայտարարություն անողին և նրան վերագրում սուտ մատնության հոդված, առանց քննություն կատարելու»:

Իսագուլյանը նշեց, որ նման նախադեպեր կան: Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք չեն ցանկանա հայտնել իրենց ինֆորմացիայի աղբյուրները, պատկան մարմինների գործն է՝ ստուգել հայտարարությունների իսկությունը.

«Շուշիում, որ եղել է Կենտրոնական բանկի պահուստային բավականին գումարներ, ես այդ տեղում եղել եմ, բունկերները այնտեղ, հատկապես որտեղ որ պահվել են… փոխանակ քննություն անցկացնեն, թե Շուշիում պատերազմի սկսվելուց առաջ որքա՞ն գումար է եղել, այդ գումարն ի՞նչ է արվել, ո՞նց է արվել, պատկան մարմինները որևէ ձայն չեն հանում»:

Խոսելով Արգիշտի Քյարամյանի՝ անհետացած գումարների հետ հնարավոր կապի մասին, Իսագուլյանն ասաց.

«Քննությունը պետք է պարզի, բայց դրա փոխարեն՝ Քյարամյանը նշանակվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որը պետք է հիմնականում սպասարկի Նիկոլ Փաշինյանի անձնական ցանկությունները: Դրա համար խորանալ այդ խնդիրների մեջ տեղին չէ, քանի որ սուտ է, քանի ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, որևէ իրական բացահայտում չի կարող տեղի ունենալ: Տեղի է ունենալու ինֆորմացիայի տիրապետող մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում, չի բացառվում՝ նաև ֆիզիկական հաշվեհարդար: Դա է այսօրվա գործող իշխանությունների հիմնական ձեռագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս