«Ընդդիմությունը սպասում է, որ Փաշինյանն իր սև գործն ավարտի, հետո ինչ-որ մեկը գա` վայելի՞». Իսագուլյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտում չի տեսնում Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու հստակ ծրագիր:
«Բոլորը գիտեն, թե ի՞նչ է տեղի ունեցել, քաղաքական որ ընդդիմադիր ուժից հարցնում ես, ասում են՝ այո, Նիկոլը դավաճան է, հողատու է, ծախել է երկիրը, հիմա էլ ծախում է Հայաստանը, բայց գործողությունների հստակ ծրագիր, ցավոք սրտի, չի երևում»,- ասաց Իսագուլյանը:
Նա փոխանցեց, որ իր մոտ շատ անհասկանալի տպավորություն է ստեղծվել ստեղծված իրականության հանդեպ.
«Արդյո՞ք քաղաքական ուժերը համաձայն են այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում, եթե համաձայն չեն, գործողությունների ի՞նչ ծրագիր կա: Միտինգներ կան, զրույցներ կան, պալատկեք խփել ենք, փեչեր վառել ենք, մարդիկ տաքանում են, բայց կոնկրետ ի՞նչ գործողությունների ծրագիր ենք իրականացնում: Իսկ գուցե բոլորին ձեռք է տալիս, որ Նիկոլն ամեն ինչ անի վերջացնի, որ որևէ խնդիր հետագայում չմնա այլևս՝ հայ-ադրբեջանական, արցախյան, ես չգիտեմ, հարց եմ ուղղում: Ի՞նչ է տեղի ունենում, արդյոք իրենք սպասում են, որ Նիկոլը կատարի իր սև գործը, որից հետո, իրենց կարծիքով՝ այլևս պրոբլեմներ չեն մնա ապագայի համար, մենք և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ամբողջ աշխարհի հետ կարող ենք հանգիստ հարաբերվել, հայտարարենք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան էր, թշնամի էր, նրան քշենք, ինչ-որ մեկն էլ գա իշխանության և վայելի՞, որովհետև Հայաստանն այլևս Արցախի խնդիր չի ունենալու, հայ-ադրբեջանական սահմանի խնդիր չի ունենալու, հայկական գյուղերի մեծ մասը տված կլինենք, Ադրբեջանը բավարարված կլինի, Ռուսաստանն էլ կհամոզի Ադրբեջանին, որ մտնի ԵԱՏՄ կազմի մեջ, ի՞նչ է շահում Հայաստանը: Արդյո՞ք քաղաքական ուժերը սա գիտակցում և հասկանում են, և իրենց պահվածքը հատուկ նրա համար է, որ Նիկոլը կատարի ամբողջ սև գործը, և նո՞ր Նիկոլին քշեն»,- ասաց Իսագուլյանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահին հետաքրքրում է, թե ինչո՞ւ ընդդիմությունը միջոցներ չի ձեռնարկում, Ամանոր է նշո՞ւմ:
«Բոլորը գիտեն, որ զոհերի թիվը 5000 չէ, արդեն 7000 է, բայց որևէ մեկը վախենում է նաև այդ մասին բարձրաձայնել: Ընդդիմությունն ասում է՝ մենք իշխանության համար չենք կռվում, հարց է առաջանում՝ բա ինչի՞ համար են կռվում, բա ինչի՞ համար են ոտքի հելել, եթե իշխանության համար չէ, ինչքան ուզում եք՝ միտինգ արեք»,- ասաց Իսագուլյանը: