Ինչո՞ւ է Ալիևը շտապում հանդիպել Փաշինյանին
Տարատեսակ աղբյուրներ հայտնում են, որ առաջիկա օրերին Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև գագաթնաժողով։ Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն օրերս, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է եռակողմ բարձրաստիճան հանդիպում, որի հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11–ը, թեև գործակալությունը նաև նշել էր, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չունի։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, դատելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միտումներից, այս հանդիպմամբ, կարծես, առավելապես հետաքրքրված է Ադրբեջանը, որը հետաքրքրված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ամրապնդմամբ և արագ առարկայացմամբ, քանի որ մի շարք վտանգներ է տեսնում և կանխատեսում։
Դրանցից առաջինն, ըստ նրա, այն է, որ ակնկալվում է՝ Արևմուտքը, մասնավորապես՝ Մինսկի խումբը, հակախաղ է սկսելու այս հայտարարության դեմ, որի նախերգանքի ականատեսը եղանք դրա ստորագրումից անմիջապես հետո, երբ արևմտյան արտգործնախարարները սկսեցին մեղադրել Ռուսաստանին այս հարցով Թուրքիայի հետ համագործակցելու, ինչպես նաև հայտարարության բովանդակության մասին չտեղակացնելու մեջ։
«Չենք կարող ասել, թե կոնկրետ ինչ քայլեր կնախաձեռնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, սակայն հայտարարության վերջնական ամրապնդումից հետո դրանք ևս գուցե չեզոքանան կամ նրանց գործունեության դաշտն է՛լ ավելի նեղանա, այդ պատճառով շտապում են, քանի դեռ տոներից հետո ակտիվ աշխատանքը չի վերսկսվել։
Ինչպես գիտենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը և ընդհանրապես Արևմուտքն այս հայտարարությունից հետո հակամարտության արևմտյան օրակարգի փնտրտուքի մեջ են, որը թույլ կտա Արևմուտքին ինչ-որ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում և միանշանակ այդ ուղղությամբ քայլեր են լինելու։ Հայտնի է նաև, որ ՌԴ-ն դեմ չէ Մինսկի խմբին և դիտարկում է աշխատանք այդ ձևաչափի շրջանակում, սակայն հարց է, թե երբ և ինչ հարցերի շուրջ։ Այսինքն՝ կոնսենսուս է հարկավոր։
Բացի այս ամենից, Իսրայել-Իրան հարաբերություններում է լարվածություն սպասվում, այդ դեպքում զարգացումները կարող են տարածաշրջանի համար ցավալի լինել, ամեն դեպքում փորձագետները շարունակում են այս թեման ուշադրության կենտրոնում պահել, լարվածության դեպքում դիվանագիտական գործընթացը և պատերազմի արդյունքները կարող են կրկին հայտնվել Ադրբեջանի տեսանկյունից վտանգի տակ»,- ասաց Տարասովը։
Նրա կարծիքով, Բաքուն կփորձի ստեղծված իրավիճակը, հաղթողի դիրքերը հնարավորինս ամրապնդել և շահույթներ ստանալ իրավիճակից, քաղել այն, ինչ հնարավոր է։
Տարասովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է ընդամենը հրադադարի հայտարարություն և դա կարող է ամրապնդվել տարատեսակ ձևաչափերի փաստաթղթերով։ Նրա խոսքով, Ալիևը շտապում է նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումների պատճառով, քանի որ Փաշինյանի ներքին դիրքերը թուլացած և անկայուն են, իսկ Բաքվում հասկանում են, որ հայտարարությունն ամրապնդող այլ փաստաթուղթ կարող են ստորագրել միայն Փաշինյանի հետ, իսկ այս հայտարարությունից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու հետպատերազմյան հետևանքների ֆոնին Փաշինյանին դա անելը բարդ է։
«Իրավիճակն Ալիևի համար ավելի հեշտ է, քանի որ պատերազմից հետո, հաղթանակից հետո նրա միակ խնդիրը դա պահպանելն է և այն ձևաչափում, որով այն ամրագրվել է։ Սա հաշվի առնելով, եթե նման հանդիպում իսկապես կայանա, ապա դրա բովանդակությունը բավականին հետաքրքիր է լինելու»,- ասաց Տարասովը։