Բաժիններ՝

«Առողջապահության նախարարի վզից կբռնենք, կտանի այնտեղ, որտեղ երեխեքի նկարները ցույց է տվել». անհետ կորածի հարազատ

Կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին անհետ կորած զինծառայողների հարազատները, պահանջում են, որպեսզի հանդիպում լինի կառավարությունում, որին կմասնակցի նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ամեն մի ծնող իր երեխուն գտել է, տեսել է վերակենդանացման բաժանմունքում պառկած, այսօր բերել են Հայաստան՝ Երևան, այդ երեխեքը չկան, ոչ մի հիվանդանոցում չկան: Պարոն Փաշինյանն այսօր ԱԱԾ-ից էլ է մարդ ներկայացրել, որ այդ հարցով զբաղվեն, 1 շաբաթ է՝ այդ երեխեքը չկան, ասե՞ղ էր, ի՞նչ էր, կորավ»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Ռոման Գևորգյանը:

Քաղաքացին լրագրողներին ցույց տվեց զինվորի լուսանկար, որն արվել է Գորիսի հիվանդանոցում, սակայն իրենց տեղեկություններով՝ զինվորին տեղափոխել են Երևան, բայց հարազատները, 1 շաբաթ է, չեն կարողնաում գտնել նրան.

«Սա երեխու նկարն է, Երևանում է, բայց այդ երեխան չկա, վերջին անգամ Գորիսում են նկարել, ասում են՝ անգամ նկարողին էլ են գտել, բայց այդ երեխեն չկա, արդեն 1 շաբաթ է՝ չեն կարողանում գտնել: Այսօր մեկիս ջեբից հեռախոս գողանան, 1 ժամ հետո համ տեղներս կգտնեն, համ՝ ով է, ինչ է, բայց այսօր կոնկրետ չեն զբաղվում: Այսօր պետք է պատասխան տան, թե ուր են այդ երեխեքը, թող առողջապահության նախարարը գա, իր վզից կբռնենք, կտանի այնտեղ, որտեղ երեխեքի նկարներն ինքն է ցույց տվել, պետք է գա, մեր երեխեքին գտնի, տա մեզ: Ես չգիտեմ՝ առողջապահության նախարարն այսօր ինչով է զբաղվում, բայց հաստատ ոչ մի բանով չի զբաղվում… Ես դեռ չեմ տեսել, որ մեկի երեխուն ԴՆԹ-ով գտած, տված լինեն, ում էլ գտել, տվել են, մյուս օրն իմացել են, որ տարել թաղել են՝ իրենց երեխեն չի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս