Նիկոլ Փաշինյանը հո ամբողջ կյանքում կառավարության շենքում վարչապետի աթոռ չի՞ զբաղեցնելու. մի օր էլ վերադառնալու է ընտանեկան թերթ
Դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ կատարած իր ձախողված այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով կարողացավ Սյունիքում մտնել միայն Սառնաղբյուր և Սիսիան համայնքներ, այցելեց Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի, ուր քահանան՝ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, չսեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը՝ դրանով իսկ ցույց տալով իր վերաբերմունքը նրա ու նրա վարած քաղաքականության նկատմամբ:
Քիչ անց Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի վրա ուղիղ եթերում հարձակում գործելու կոչ հնչեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը, ով աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում: Այսինքն` քահանայի վրա հարձակում պլանավորողը ՀՀ պետական ապարատի ծառայող է:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Եվ ահա սույն պետական պաշտոնյան, ով, ի դեպ, աշխատավարձ և պարգևավճարներ է ստանում պետական բյուջեից, այսինքն՝ բոլորիս վճարած հարկերից, թերևս, իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին առավել առարկայական կերպով ցույց տալու ու երևի թե դրանով իսկ ծառայողական աստիճաններով վեր բարձրանալու նպատակով որոշել է լայնացնել իր քարոզչական գծի շրջանակներն ու հարկատուներիս ցուցում տալ՝ ո՞ր լրատվամիջոցներին հավատալ:
«ՀՐԱՏԱՊ.
Չհավատալ այս լրատվականներին.
Այս կայքերը անընդհատ տարածում են կեղծ տեղեկատվություններ։ Յուրաքանչյուրդ ֆիքսեք Ձեզ մոտ այս կայքերը»,- իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է նշյալ սուբյեկտը՝ գրառմանը կցելով երկու տասնյակից ավելի լրատվամիջոցների անուններ:
Օգտատերերից ոմանց հարցերին, թե՝ բա ո՞ւմ հավատանք, Արծրուն Հովհաննիսյանի՞ն, Արսեն Ավագյանը տվել է իր սրտի լրատվամիջոցների անունները՝ «Azatutyun.am, «Հայկական ժամանակ», Հ1, «Շանթ», «NewArmenia», «Արմթայմս» և այլն»՝ հավելելով՝ այն լրատվականներ, որ անաչառ են աշխատում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը, ով աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, հավանաբար շատ ուշադիր է լսում Նիկոլ Փաշինյանի ելույթները և վերջինիս՝ իր հետևորդների համար շրջանառության մեջ դրած «մեդիատեռորի» թեզը հավանաբար սրտին շատ մոտ է ընդունել ու որոշել է ինքն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջի հետևորդներին ուղղորդել՝ հընթացս իր ցանկում տեղ գտած լրատվամիջոցներին իբր վնասելու միտումով նաև:
Ինչևէ, իշխանությունները լավ կանեն արջի ծառայություն մատուցող այս պետական ծառայողին սաստեն համենայն դեպս և հիշեցնեն «թարս մախաթի» առակը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հո ամբողջ կյանքում կառավարության շենքում վարչապետի աթոռ չի՞ զբաղեցնելու: Չէ՞ որ մի օր էլ վերադառնալու է ընտանեկան թերթ: Շատ էլ թե հիմա Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր հոդվածները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակելու…