Շտապօգնությունը Լոս Անջելեսում կսահմանափակի թթվածնի տրամադրումը հիվանդներին
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի շտապօգնությանը իշխանությունները հորդորել են սահմանափակել հիվանդներին հավելյալ թթվածնի տրամադրումը այն խնայելու նպատակով, ինչպես նաև խուսափել հիվանդանոցներ տեղափոխել այն հիվանդներին, որոնք չեն կարող ապաքինվել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ը:
Ավելի վաղ շրջանի Շտապ բժշկական օգնության գործակալությունը հայտարարել էր, որ Շտապօգնությունը պետք է տնտեսի թթվածինը և տրամադրի միայն այն հիվանդներին, որոնց թթվածնային հագեցվածությունը 90 տոկոսից պակաս է:
Գործակալությունը կոչ էր արել հիվանդանոցներ չտեղափոխել հիվանդների, որոնք ապաքինվելու հնարավորություն գրեթե չունեն: Խոսքը հիմնականում այն հիվանդների մասին է, որոնց մոտ սրտի կանգ է գրանցվում, շնչառության, շարժունակության բացակայություն, երբ չի շոշափվում զարկերակն անգամ վերակենդանացնելու փորձերի պարագայում:
Ընդհանուր առմամբ՝ բժիշկները պետք է շարունակեն տեղում հիվանդի վերակենդանացման փորձեր իրականացնել մինչև վերականգնվի վերջինիս զարկերակը: Այդ դեպքում նրան կարող են տեղափոխել հիվանդանոց:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Լոս Անջելեսի հիվանդանոցները ստիպված ավելի շուտ են դուրս գրում այն հիվանդներին, որոնք բնականոն պայմաններում պետք է մնային բժիշկների վերահսկողության տակ: Los Angeles Times-ը ընդգծում է, որ շրջանի հիվանդանոցների վիճակը կրիտիկական է: