Մի մարդ, որ իր ձեռքով խեղդել է ՀՀ գյուղատնտեսությունը, ի՞նչ գյուղատնտեսության մասին կարող է խոսել. Հրաչ Բերբերյան  

Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, որը ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, և որով փորձ է արվում ինչ-որ ձևով լցնել պետական բյուջեի ճեղքը, իշխանությունները «չեն մոռացել» նաև գյուղատնտեսության ոլորտը՝ այն ոլորտը, որին սպասարկող նախարարությունը փակվեց հենց այս իշխանության օրոք:

Որոշման հավելվածի նկարագրական հատվածում նշված է, հարկային քաղաքականության ճեղքի ձևավորման պատճառներից մեկը, ի թիվս այլ պատճառների,  գործարքների լիարժեք փաստաթղթավորման բացակայությունն է: Հենց այս հարցին անդրադարձ կատարող որոշման մեջ հիշատակված է նաև գյուղատնտեսության ոլորտը:

Նշված է, թե գյուղատնտեսական արտադրանք արտադրողների հիմնական մասը ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող չի հանդիսանում, ինչը նշանակում է, որ այդ տնտեսությունները գյուղատնտեսական արտադրանքի գնորդներին չեն տրամադրում ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար անհրաժեշտ հաշվարկային փաստաթղթեր՝ հարկային հաշիվներ: Այս բացը լրացնելու համար առաջարկվում է «գյուղատնտեսական արտադրանքի մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու նոր հնարավորության ստեղծում»:

Որոշումից տպավորություն է ստացվում, թե իշխանությունները ցանկանում են ԱԱՀ-ով հարկել նաև գյուղացիական տնտեսության այն հիմնական մասին, որը չի համարվում ԱԱՀ վճարող:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ այս պայմաններում հարկային ճեղքը լրացնելու համար գյուղատնտեսության ոլորտում նման փոփոխություն իրականացնելը մակերեսային որոշում է ու անգրագիտության արդյունք:

«Քանի որ մեր կառավարության մեծ մասը տգետ են և պատմություն չեն անցել, խորհուրդ կտայի Հրանտ Բագրատյանին հարցնի, որ հողի հարկի մեջ մտնում է  Ավելացված արժեքի հարկը, երբ որ սեփականաշնորհման օրենքը ընդունվեց: Առնվազն տգետ պետք է լինել թիմով, որ դրա մասին չիմանային: Երկրորդը, Ավելացված արժեքի հարկը մտցնելուց թող բարի լինեն նշել, որ ամբողջ աշխարհով մեկ գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է, ոչ թե գյուղատնտեսության վարկերը գնում են պատահական մարդկանց գրպանները, խոսքը գնում է արտոնյալ վարկերի մասին՝ անտոկոս և ցածր տոկոսով, և գյուղացին համարյա  թե այդ վարկերը չի տեսել: Իսկ ամենածիծաղելին այն է, որ մի մարդ, մի անձնավորություն, որ իր ձեռքով խեղդել է ՀՀ գյուղատնտեսությունը՝ փակելով Գյուղատնտեսության նախարարությունը, գյուղացու հիմնական ձայնի աղբյուրը, որ Գյուղատնտեսության նախարարության միջոցով էր իր հոգսերը թեթևացնում, ի՞նչ գյուղատնտեսության մասին կարող է խոսել այդ մարդը, որ այսօր, շատ կներեք, մի այնպիսի հարված է  հասցրել գյուղատնտեսությանը, որ միայն 100 հազար տոննա հացահատիկից մեզ զրկեց՝ Ղարաբաղի հողերը հանձնելով: Հիմա ստիպված կլինենք ՌԴ-ից կամ Ղազախստանից 100 հազար տոննա ավել ցորեն ներկրենք Հայաստան: Եվ այդ մարդը իրավունք ունի՞ գյուղատնտեսությունից խոսի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:

Հարցին, թե ինչքանո՞վ է  իրատեսական, որ գյուղմթերք արտադրող գյուղացին հնարավորություն ունենա իր աշխատանքին զուգահեռ՝ զբաղվել նաև փաստաթղթաշրջանառությամբ, ներկայացնել հաշվարկային փաստաթղթեր, մեր զրուցակիցը արձագանքեց՝ «Անհնարինն ակնհայտ» հաղորդումը հիշելով:

«Փաշինյանն այսօր ինքն էլ չի հասկանում՝ ինչ է խոսում: Իհարկե, այսօր դա հնարավոր չի անել: Ժամանակի ընթացքում դա, այո, կարելի է անել, երբ մենք ունենանք կայացած գյուղատնտեսություն, կայացած ֆերմերներ»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախ պետք է օրենսդրական դաշտի բարեփոխումներ անել  հօգուտ գյուղացու, գյուղմթերք արտադրողի, սուբսիդավորել ուղղությունները, ապա նոր հետագայում նրանց բերել հարկային դաշտ:

Տեղեկացնենք նաև, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված խնդիրների կարգավորման համար Ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններին և Պետական եկամուտների կոմիտեին մինչև 2021 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը ժամկետ է տրված:

Տեսանյութեր

Լրահոս