Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Ստեփանակերտի սոցիալական նշանակության օբյեկտները
Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի սոցիալական նշանակության օբյեկտների տարածքներում (դպրոցներ, զբոսայգիներ, բժշկական հաստատություններ և մարզական օբյեկտներ): Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 414 հա տեղանք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շենք, այդ թվում ՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զորավարժարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: