Բաժիններ՝

Ցավոք, կորցրել ենք ամեն ինչ. քաշաթաղցիների ընտանիքն ունի հագուստի, սննդի, տունը տաքացնելու խնդիր

Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տուն-տեղը թողած Նորա Դանիելյանի ընտանիքը ժամանակավոր բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում:

«Ցավոք, կորցրել ենք ամեն ինչ: Մեր տնից հոկտեմբերի 18-ին դուրս ենք եկել, գնացել ենք Կապան քաղաք, մեզ ասել էին, որ 1 օրով պետք է գնաք Կապան և հաջորդ օրը կարող եք վերադառնալ, սակայն իմացանք, որ էլ հնարավոր չէ վերադառնալ։ Մեզ հետ վերցրել ենք միայն մեր փաստաթղթերը։ Կապանում 2 ամիս վարձով մնացինք, սակայն հետո տեղափոխվեցինք Արմավիրի մարզ գյուղ Այգեվան և այժմ այստեղ ենք վարձով ապրում։ Ընտանիքում 8 հոգի ենք՝ սկեսրայրս, սկեսուրս, ամուսինս, ես, տալս, տղաս (6տ.), աղջիկներս(5 և 2տ.): Այս պահին ունենք սննդի, տաք հագուստի, հիգիենայի պարագաների կարիք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորա Դանիելյանը՝ հայտնելով, որ համայնքապետարանը մեկ անգամ է աջակցել՝ ասելով, որ օգնությունը երբ գա՝ կտրամադրեն:

«Տղաս առաջին դասարան էր հաճախում Արցախում, սակայն այստեղ չկարողացանք դպրոց տանել՝ նախ՝ հագուստի, բաճկոնի և այլ պարագաների բացակայության պատճառով, և հետո՝ տեղափոխվելու հետևանքով: Տղաս ընդամենը 2 շաբաթ է գնացել դպրոց, շատ է հետ մնացել դասերից, ստիպված պիտի սեպտեմբերին դպրոց տանեմ:

Հիմա մեր հնարավորության սահմանում մի քանի խիստ անհրաժեշտ իրեր ենք գնել, ունենք նաև տունը տաքացնելու խնդիր: Սկզբնական շրջանում, երբ մարդիկ վերադառնում էին, գնացել ենք Ստեփանակերտ, սակայն այդ ժամանակ տուն արդեն չկար, և մեզ ասացին, որ պետք է սպասեք՝ մինչև տուն լինի, կամ էլ դուք վարձով տուն գտեք, վարձը պետությունը կտա, սակայն կային սահմանափակումներ գումարի մեջ, մենք չկարողացանք տուն գտնել և հիմա այսպես հասել ենք Այգեվան գյուղ, այստեղ էլ շատ խնդիրներ կան, բայց ուրիշ տարբերակ չունենք, ստիպված մնում ենք»,- նշեց նա:

Ընտանիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝  098 645253:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս