Տիգրանաշենն իրենցը չէ, և չի կարող լինել. Պարույր Սեւակ համայնքի ղեկավար. news.am
Ադրբեջանցիների կողմից Տիգրանաշենը վերցնելու պահանջ չի դրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Պարույր Սեւակ խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանը Տիգրանաշենը հանձնելու պահանջ է դրել:
«Ադրբեջանցիները Երեւանն են պահանջում, տա՞նք, իրենք պահանջում են Սեւանը, Սյունիքը, սաղ իրենցն է, մենք ոչ մի բան չունենք, դա նորմա՞լ է: Բա մեր Արծվաշենը մենք ինչո՞ւ չենք պահանջում, Գետաշենը, Շահումյանը ինչո՞ւ չենք պահանջում: Էդ ոնց է՝ իրենք իրավունք ունեն մեր ճանապարհի վրա, մեր հողի մեջը Տիգրանաշենը պահանջելու, Տիգրանաշենն իրենցը չէ, եւ չի կարող լինել իրենցը, այնտեղ հայեր են ապրում, որոնց ժամանակին Ադրբեջանից վտարել են, ունեցած-չունեցածը ձեռքներից վերցրել: Պահանջել բոլորը կարող են, սաղ իրենցն է, մենք ոչ մի բան չունենք, որովհետեւ ներսում մենք իրար ենք ուտում, փոխարենն իրար կողքի լինենք: Պատճառն այդ է, թե չէ դրանցից ոչ մի շան որդի ռիսկ չի անի տենց բան խոսա: Էդ խոսակցությունները ավելի շատ ներսից քանդողներն են անում, քան թուրքերը: Այդպիսի բան չկա, ու չպիտի լինի»,- ասաց նա:
Ըստ համայնքի ղեկավարի՝ Տիգրանաշենում 42 տուն կա: Այս պահին իրավիճակը հանդարտ է:
«Աստված չանի հանկարծ խառնվի, բոլորով կկանգնենք էդ մի կտոր հողի համար»,- հավելեց Էդուարդ Ստեփանյանը: