
Սիրիական քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի /Հասեկե նահանգ/ շուկայում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Այս մասին հաղորդում է ՏԱՍ գործակալությունը՝ հղում անելով սիրական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ ահաբեկչության արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները տեղափոխում են տուժածներին: Ռաս ալ-Այնը գտնվում է թուրքական զորքերի և Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին:
Ավելի վաղ հաղորդվել էր Հասեկե նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյունի մասին, որտեղ ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում գտնվող աշխատողների վրա: Դրա հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել: