Ադրբեջանն օկուպացրած տարածքներում ուզում է բնակեցնել թուրքամանների և վարձկան ահաբեկիչների ընտանիքների

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի մի շարք շրջաններ օկուպացրած Ադրբեջանը մտածում է, թե հայոց հողերում ում և որտեղից կարող է բերել ու բնակեցնել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ այսպես կոչված նախկին փախստականները, որոնք հաստատվել են Բաքվում, Սումգայիթում և այլ խոշոր քաղաքներում և ունեն աշխատանք, դժվար թե ցանկանան հեռանալ այդ քաղաքներից:

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում առաջ բնակվում էին հիմնականում գյուղացիներ, այն էլ՝ խրճիթներում և անմարդկային պայմաններում, և այնտեղ բնակարաններ չկային:

«Քարվաճառում և Լաչինում հիմնականում թրքացած քրդերն էին ապրում և նրանց համար Բաքուն, որ երազանք էր, դրա դռները բացվեցին: Եվ այս տարիների ընթացքում, երբ իրենք արդեն կենտրոնական քաղաքներում են ապրել սկսել, դա բազմակի լավ է նախկին խրճիթներից, և եթե դանակը կոկորդին դնեն ու ստիպեն վերադառնալ, նրանք երբեք չեն վերադառնա: Բաքվի համը տեսած թուրքը ծայրամաս հետ չի վերադառնա, սակայն այստեղ գալիս է այլ ծրագիր, օկուպացրած տարածներում բնակեցնել թուրքամանների, որոնք Սիրիայի ավազներում դեգերող թուրք ցեղերի ժառանգներն են և Թուրքիայի ազդեցության ներքո են, ինչպես նաև արաբների, որոնք հիմա ասում են, որ արաբացած թուրքերն են: Վարձկան ահաբեկիչները, որոնք պատերազմում էին Արցախի դեմ, նրանց ընտանիքներին Թուրքիայի կողմից առաջարկում են հսկայական մի ծրագիր, որով պետք է տանեն, վերաբնակեցնեն Ադրբեջանի կողմից գրավված հայկական հողերում, և դա լի է վտանգներով, սադրանքների հնարավորությամբ՝ ռուս խաղաղապահների և այդ նոր բնակիչների միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը՝ հիշեցնելով, որ Շահումյանը, որ օկուպացրել է Ադրբեջանը, բնակիչների զգալի մասը Թուրքիայից է, ունեն քրդական ծագում:

«Իրականում Ալիևը չնայած փորձում է հոխորտալ, բայց նրանք իրենց դատավճիռն են ստորագրել, երբ թույլ են տվել Ադրբեջանը մի կողմից՝ դառնա թուրքական պրոտեկտորատ, մյուս կողմից՝ ռուսական զորքերն ուղղակիորեն մտնեն այդ տարածքներ, և շփման գիծ առաջանա: Ալիևն ուզում էր, որ Ադրբեջանի պատմության մեջ այս էջերը գրվեն ոսկե տառերով, իրականում դա կգրվի սև տառերով: Հասարակության մեջ դժգոհություններ են աճում, ասում են, որ Ալիևը դավաճան է, որ վաճառեց Ադրբեջանի հաղթանակը Ռուսաստանին, անկախությունը՝ այլ կողմերի, և արդեն հուզումներ են տեղի ունենում. ասում են՝ Պուտին, հեռացիր, Էրդողան, արի մեզ փրկիր այս իրավիճակից: Այնտեղ շատ հետաքրքիր զարգացումներ են լինում, շատերը սպասում են իրենց զինվորի վերադարձին, բայց տեսնում են, որ հարևան գյուղերում թաղումներ են, իսկ իրենց երեխաները չկան ու չկան, և դիմում են տարբեր մարմինների՝ հասկանալու, թե ինչու են ստում: Երբ ամբողջ ծավալով բացահայտում տեղի կունենա, Ադրբեջանում անկայուն վիճակ է սպասվում: Եվ խաղալով կանխարգելման ուղղությամբ՝ Ալիևը սադրանքների է դիմում Դադիվանքում, ադրբեջանցի զինվորները հայկական ճանապարհներին են հայտնվում դրոշներով, սադրիչ այլ հայտարարություններ են անում՝ փորձելով այնպես անել, որ անկայունություն ու քաղաքացիական պատերազմ Հայաստանում ավելի շուտ բռնկվի, քան Ադրբեջանում»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Հավելենք, որ ադրբեջանական կայքերը հայտնում են, որ չճշտված տվյալներով՝ իրենք ունեն 20-25.000 զոհ:

Տեսանյութեր

Լրահոս