Բաժիններ՝

«Որպես երգչուհի՝ Օրբելյանն ինձ այդպես էլ չճանաչեց, սիրտս կոտրված է». Մայա Աֆրիկյան

Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր, սոպրանո Մայա Աֆրիկյանը կրկին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ բոլոր մրցույթներն անցկացվել են համացանցի միջոցով։ Երգչուհին 13 միջազգային մրցույթի դափնեկիր է, որոնց մեծամասամբ մասնակցել է՝ որպես հեղինակ-կատարող։

«2020թ․ դեկտեմբեր ամսին հեռավար կարգով մասնակցեցի 3 մրցույթի, որտեղ կրկին ունեցա հաղթանակներ։ Երկու առաջին դափնի և մեկ «Գրան պրի»։ Միջազգային «Սթար Ֆեստ» մրցութին իմ տեսաձայնագրությամբ ներկայացրել էի Միխայիլ Գուցերիևի խոսքերի հիման վրա գրված իմ հեղինակային «Я не люблю зимой грозу» երգը։ Ինձ նվագակցում էր փայլուն դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիանա Դարբինյանը։ Այս մրցույթում «Հեղինակային երգ» անվանակարգում արժանացա առաջին կարգի դափնեկրի դիպլոմի: «Я не люблю зимой грозу» երգի տեսաձայնագրությամբ մասնակցել եմ իտալական «The Song» միջազգային երաժշտական մրցույթին: «Ակադեմիական վոկալ» անվանակարգում կրկին արժանացել եմ առաջին մրցանակին։ Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին օրերին մրցույթի մասնակցելն անգամ հոգեպես հեշտ չէր, և ես իմ բոլոր հաղթանակները նվիրել եմ հայ զինվորներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մայա Աֆրիկյանը:

Նա ցավով նշեց՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դռներն իր առջև փակ են եղել: Այդպես էլ չի կարողացել հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

Օպերային թատրոնում 7 տարի ստաժոր է եղել, 3 տարի աշխատել է պայմանագրով: 10 օր բացակայել է ՀՀ-ից, գնացել միջազգային մրցույթի, վերադարձել է մրցանակը ձեռքին, որպեսզի ստորագրի պայմանագրի երկարաձգման համար, ասել են, թե պայմանագիր չեն ստորագրում, քանի որ այլևս պայմանագրային աշխատողներ չունեն: Իսկ Կոնստանտին Օրբելյանը չի ընդունել ու լսել՝ գոնե ձայնի կարողություններին ծանոթանալու համար:

«Մի քանի անգամ ասել է, թե՝ ես պետք է քեզ լսեմ, պայմանավորվել ենք, եկել եմ՝ պարզվել է, որ զբաղված է: Ինձ չեն կանչել, չեն լսել, անգամ Օպերա ներս չեն թողել: Մեկ անգամ նամակ գրեցի, ուզեցի Օրբելյանին փոխանցել, անգամ չթողեցին շենք մտնեմ: Թե ինչ պատճառով իրենց դուր չեմ եկել՝ չգիտեմ: Եթե լսեին, չհավանեին, ասեին՝ վատ ես երգում, ու իրենց ասածը հիմնավորեին, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց անգամ լսել չուզեցին: Որպես երգչուհի՝ Օրբելյանն ինձ այդպես էլ չճանաչեց: Սիրտս կոտրված է»,- նշեց Մայա Աֆրիկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում երգիչները շատ են, աշխատանք գտնելը դժվար է, բայց արդար կլիներ, եթե ազնիվ մրցույթ լիներ և ըստ ուժերի մարդկանց ընտրեին:

«Իմ ապագան արդեն ուզում եմ դրսում տեսնել: Գիտեք, եթե մարդուն նեղացնում են, ի՞նչ պետք է անի: Հեղինակների համար դաշտ չկա. գոնե հեղինակային կենտրոն լիներ: Մոսկվայում, օրինակ, «Ռոմանսի տուն», «Հեղինակային երգերի տուն» կա, իսկ այստեղ մենակ ռաբիս կա: Որպես հեղինակ էլ չգիտեմ, թե որտեղ ինձ դրսևորեմ, դաշտ չկա: Հայաստանում միայն սպառվում է, կարելի է ասել, ռաբիս երաժշտությունը: Ես պետք է դահլիճ վերցնեմ, տոմս վաճառեմ, ես էլ երգեմ: Դահլիճների գները բարձր են, տոմսերն ի՞նչ գնի պետք է դնեմ, որ առնեն… 5000 դրա՞մ, մարդիկ 1000 դրամ հազիվ են տալիս՝ գերադասելով մեկ հաց ավելի ուտել: Դրա համար գոնե դահլիճների գները մատչելի պետք է լինեն, որ, ասենք, 1000 դրամ դնես տոմսը: Ուզում եմ լիքը բան անել, բայց չգիտեմ՝ ինչպես: Եկեղեցում 3 ժամ երգելու համար էլ 1500-1700 դրամ են տալիս: Մի քանի անգամ երգել եմ: Այո, եկեղեցուն չպետք է նայել՝ որպես գումար աշխատելու տեղ, բայց դա մշակութապահպան գործ է, ամեն ինչ պետք է անել, որ մեր ազգայինը պահպանվի: Պետությունը գոնե շարական երգողների ծախսը վերցնի իր վրա, որովհետև երգչախմբեր պահելու ռեսուրս գուցե եկեղեցին չունի»,- նկատեց երգչուհին:

Մայա Աֆրիկյանն ասաց՝ չգիտի, թե լուրջ երգիչն այս պայմաններում ինչ կարող է անել Հայաստանում:

«Այստեղ մրցույթներ եթե լինեն անգամ՝ չեմ մասնակցի, ինձ թվում է՝ առաջին փուլից կհանեն: Նկատել եմ՝ մրցույթներում առաջին անվանակարգը ստանում են ժյուրիի աշակերտները, և սովորաբար դեռ մրցույթը չեղած՝ գուշակություններ են գնում, թե այսինչը կլինի առաջինը, ու այդպես էլ լինում է: Դրա համար Հայաստանում մրցույթի մասնակցելն անիմաստ երևույթ է: Ժյուրիում ով նստած է՝ իր աշակերտն առաջին մրցանակն է շահում: Ես չեմ հավատում, որ անաչառ, արդար մրցույթ կարող է լինել»,- նկատեց երգչուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս