«Հարգելի ՀՔԾ քննիչներ, գործեք այնպես, որ վաղը կարողանաք նայել Ձեր երեխաների աչքերին». Ամրամ Մակինյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ավարտին՝ Հատուկ Քննչական ծառայության շենքի առջև, փաստաբան Ամրամ Մակինյանը դիմեց ՀՔԾ աշխատակիցներին.

«Դուք գիտեք, որ ձեզ ճանաչում եմ վաղուց, գիտեմ ձեր հույզերը, զգացմունքները և գիտեմ, թե ինչքան դժվար է ձեզ համար այս պահին ընդունել որոշումներ, որոնք դուք չեք ցանկանում ընդունել:

Վիճակը, իրոք, օրհասական է, և ձեր գործողությամբ և երբ պետք է գործեք՝ անգործությամբ, դուք օրհասական վիճակն է՛լ ավելի եք վատթարացնում:

Խնդրում եմ ձեզ՝ որպես ՀՀ քաղաքացի, և վերջում՝ որպես փաստաբան՝ գիտեք, որ պահանջում եմ և շարունակելու եմ պահանջել ձեր համար, ձեր երեխաների համար, ձեզ հիմա պաշտպանող ոստիկանության աշխատակիցների համար, և այն ժամանակ, երբ որ ակամայից քաղաքական հրահանգներ կատարելով՝ պաշտպանում եք ոստիկանության աշխատակիցներին, այն դեպքերում եք պաշտպանում, երբ ոստիկանության աշխատողներն էլ պաշտպանում են վայ իշխանությանը:

Հարգելինե՛րս, սա՛ էլ կանցնի, խնդրում եմ ձեզ՝ որպես ձեր ընկեր, գործեք այնպես, որ վաղը կարողանանք նայել իրար աչքերի, կարողանաք նայել ձեր երեխաների աչքերին, և մեր գործած սխալների համար և մեր բացթողումների համար՝ մեղավորներ ման չգանք:

Ձեզնից շատ բան է կախված հիմա. հույսները դրել են  ձեզ վրա տղերք, դուք էլ հույսը դրեք ձեր խղճի վրա, օրենքի վրա, հայ ժողովրդի վրա, և հայ ժողովուրդը, ինչպես միշտ, ձեր կողքին կլինի»:

Հիշեցնենք, որ բողոքի երթը մեկնարկել էր Երևանում Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի):

Տեսանյութեր

Լրահոս