
«Դեկտեմբերի 18-ին պայմանագիր ենք կնքել արտադրող կազմակերպության հետ. նույնականացման երկրորդ հոսքագիծն առաջիկայում տեղադրվելու է». Ալինա Նիկողոսյան

Անհետ կորածների ծնողները, տևական ժամանակ է, նշում են, որ ԴՆԹ հետազոտությունները կամ նույնականացման գործընթացն արագացնելու համար Հայաստանին երկրորդ սարքավորումն է անհրաժեշտ։
Ընդ որում, այս խնդիրն առաջացել է դեռևս հոկտեմբեր ամսվա կեսերին, երբ դեռ պատերազմն ավարտված չէր:
168.am-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ առաջարկվել է գնել երկրորդ սարքը, որը կես միլիոն դոլար արժե: Առաջարկվել է նաև նմուշներն ուղարկել այլ երկիր և մի քանի օրից ստանալ պատասխաները, մեկ նմուշի հետազոտության գինը մոտ 500 ԱՄՆ դոլար է: Սակայն հոկտեմբերին պատկան մարմինները գտել են, որ մեկ սարքավորումը բավարար է:
Ինչևէ, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում տեղադրվելու է երկրորդ հոսքագիծը:
«Դեկտեմբերի 18-ին մենք պայմանագիր ենք կնքել արտադրող կազմակերպության հետ, և երկրորդ հոսքագիծն առաջիկայում տեղադրվելու է, և դրանով արագացվելու է պրոցեսը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք ունենք ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթաց: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այդ գործընթացն արագացնելու համար Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որն արդեն ճանապարհին է: Մենք սպասում ենք, որ առաջիկա օրերին այն կհասնի Հայաստանի Հանրապետություն և կսկսի գործարկվել: Այսինքն՝ ձեռքբերումն արդեն փաստացի տեղի է ունեցել»:
Ինչ վերաբերում է ԴՆԹ նմուշներն այլ երկիր ուղարկելուն, առողջապահության նախարարի մամուլի խոսնակը պարզաբանեց.
« Դա միայն դատաբժշկականը չի անում, և քանի որ ամեն դեպքի հետ կապված քննչականում դա դառնում է գործ: Այսինքն, մենք քննչականի հետ համատեղ ենք այս պրոցեսն անում՝ նույնականացումը, դրա համար այլ երկիր ուղարկելը հնարավոր չի: Հիմա, երբ որ երկրորդ հոսքագիծը տեղադրվի, գործընթացը կարագանա: Բայց նաև ուզում եմ ասել, որ խնդիրը միայն ԴՆԹ սարքով չի պայմանավորված, պրոցեսը դանդաղ է լինում, քանի որ մեկ նմուշը, երբ որ հարազատից վերցվում է, այն նույնականացվում է բոլոր անճանաչելի դիերի հետ, և մեկի հետ համընկում է լինում: Դրա համար է պրոցեսը դանդաղ»: