«Այն, որ Փաշինյանը շարունակում է ղեկավարել մեր երկիրը, ավելի մեծ խայտառակություն է, քան պարտությունը». Հայկ Նազարյան

2016թ․ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված և պայմանագրային զինծառայության անցած, Արցախյան վերջին պատերազմի մասնակից Հայկ Նազարյանը համոզված է՝ 2018 թվականից ամեն ինչ արվել է, որ հայկական կողմը պարտվի այս պատերազմում:

«Այս պատերազմ մենք մտանք պարտվելու, ոչ թե հաղթելու համար, ցավալին դա էր: Ես շարքային զինվոր եմ, գեներալ չեմ, մասնագետ չեմ, բայց, իմ կարծիքով, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպված լիներ, եթե չլիներ դավադրություն, եթե նորմալ ազգային ղեկավարություն ունենայինք, նույնիսկ մեր եղած զենքերով կկարողանայինք մի քանի ամիս էլ շարունակել դիմադրությունը, մինչև այդ ահաբեկչական պետությունը ներսից սնանկանար և կործանվեր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հայկ Նազարյանն ի սկզբանե դեմ է եղել Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությանը. «Ես գիտեի՝ ինչի համար այդ ամենը եղավ, գիտեի՝ ինչ ուժեր են դրա հետևում կանգնած, որպեսզի քայքայեն մեր բանակը, մեր պետականությունը: Այնուամենայնիվ, պատերազմը եղավ, ես ասացի՝ պետք է գնամ, դա իմ պարտականությունն է: Գնալուց առաջ հորս ասացի՝ ինչ որ լինի՝ իմ պարտականությունը կկատարեմ, ինչ պետք է՝ կանեմ, միայն թե սրանք մեր մեջքին չհարվածեն: Ցավոք, այդպես էլ եղավ: Ես դիրքերում ուզում էի լավատես լինել, չէի ուզում մտածել այդ բացասական բաների մասին, որովհետև լավ չէի կատարի իմ ծառայությունը, եթե վատ տրամադրությամբ լինեի խրամատներում, բայց երբ այդ խայտառակ պարտությունը եղավ, այդ նսեմացուցիչ փաստաթուղթը, որ ստորագրվեց, բոլորս զայրույթով լցվեցինք, ընկճվեցինք: Ես չզարմացա, որովհետև այս ազգադավ իշխանությունից ուրիշ ոչինչ չէի սպասում: Ես սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 14-ը դիրքերում եմ եղել: Պատերազմից հետո էլ լավ մրսեցի, հիվանդացա, ինձ տուն ուղարկեցին: Այդ ժամանակ էլ սկսեցի վերլուծել և այն եզրահանգմանը եկա, որ սա մի մեծ դավադրություն էր»:

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում ռազմական գործողությունների մասնակցած մեր զրուցակիցը նշեց, որ իրենց մոտ հերթափոխ չի կազմակերպվել. «Մինչև վերջ առանց հերթափոխի մնացել եմ: Այդքան թեժ չէր, ինչպես հարավային հատվածում, բայց հրետանին ակտիվորեն գործում էր: Անհասկանալի էր՝ ինչու անցանք ջոկատների: Այդ պահին ամեն տեսակի լուր լսում էի, արդեն չգիտեի՝ ինչին հավատալ: 40 հոգի էինք՝ 80 կարծիք»:

2018թ., երբ հանրությունն էյֆորիայի մեջ՝ փողոցներում էր, Հայկ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հեղափոխություն ցանկացող զանգվածի մեծ մասը գաղափար չունի, թե իրականում ինչ է ուզում, քանի որ իրենց մոտ չկա ամուր գաղափարախոսություն, և միայն շարժվում են իրենց զգացմունքների և կատաղության ազդեցության ներքո: «Այդպիսի ամբոխն է, որ կործանել է երկրներ հեղափոխության միջոցով, և պատմության մեջ բռնի ուժի հեղափոխություններից գրեթե բոլորը բացասական հետևանքներ են ունեցել, քանի որ դրանց մեծ մասը մանիպուլյացիա են եղել օտար ուժերի կողմից՝ իրենց շահերի համար»,- մասնավորապես գրել էր նա:

Հայկ Նազարյանն ասաց, որ այդ ժամանակ սթափ էր գնահատում իրավիճակը, գիտեր, որ նմանատիպ բաներ նախկինում ուրիշ երկրներում եղել են, պարզապես մարդիկ պատմությունից դասեր չեն քաղել. «Փոխանակ ուսումնասիրեին, սովորեին, տեսնեին՝ ում են աջակցում… Ասենք, այդքան խոսում են նախկինների մասին, բայց չգիտեին, որ 90-ականներից սկսած Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է եղել, նրանից ավելի նախկինը չկա: Այդ մարդն ամբողջ կյանքը ստել է, զրպարտել է, շանտաժի է ենթարկել, Աստված գիտի՝ ինչեր է արել, այդպիսի մարդը ո՞նց կարող է հանցագործ չհամարվել»:

Հարցին՝ բայց գոնե հիմա հանրությունը գիտակցո՞ւմ է, թե ինչ է տեղի ունեցել, ինչի մասնակից է եղել 2018թ., հաշվի առնելով, որ այն ժամանակ ձեր գրառումը գեթ մեկ հավանության չէր արժանացել, նա պատասխանեց. «Այդ ժամանակ ես նույնիսկ մահվան սպառնալիքներ էի ստանում: Իհարկե, շատերը սթափվել են, հասկացել են, որ սխալվել են, ուղղակի շատերը չեն խոստովանում կամ փորձում են տակից դուրս գալ՝ ասելով, որ՝ մենք փոփոխություն էինք ուզում, Սերժին էինք մերժում, Նիկոլին չէինք աջակցում, բայց մեկին որ մերժում ես, անուղղակիորեն մյուսին էլ աջակցում ես: Նույն մարդիկ, որ ասում են՝ այն ժամանակ Սերժին էինք մերժում, Նիկոլին չէինք աջակցում, թող հիմա դուրս գան՝ Նիկոլ Փաշինյանին մերժեն. մարդ, որ բացահայտ դավաճանություն է գործել: Հիմա էլ ասում են՝ չենք ուզում Վազգեն Մանուկյանին.․․ Ես Վազգեն Մանուկյանի ջատագովը չեմ, բայց մարդը անգամներով ավելի խելացի և նորմալ մարդ է, քան Նիկոլ Փաշինյանը, բայց, ցավոք, մարդիկ այն ժամանակ չէին տեսնում, հիմա էլ չեն տեսնում, նույն սխալը կրկնում են»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հեռացած լիներ իր պաշտոնից. «Ես չեմ հասկանում՝ ոնց է նա շարունակում ղեկավարել մեր երկիրը, դա ուղղակի ավելի մեծ խայտառակություն է, քան պարտությունը: Նա պետք է ընդհանրապես հեռացած լիներ պաշտոնից: Այն փաստը, որ մինչև հիմա նա վարչապետ է, վառ ապացույցն է, թե որքան մոլորված և շփոթված է մեր ժողովուրդը: Նա ոչ միայն պետք է հեռացվի, այլև պետք է դատվի: 5000-ից ավելի զինվոր է մատաղ արել՝ ինչի՞ համար: Եթե գիտեր, որ այս ամենը մեզ տանելու է պարտության, ինչո՞ւ այդքան մարդ տարավ սպանդի: Եթե ասում են, որ պետք է տայինք հողերը, հիմա Նիկոլի աջակիցներն այդպես են նրան արդարացնում, եթե այդպես էր, թող հայտարարություն աներ, ասեր, որ նախկինները մեզ դավաճանել են, ես ստիպված եմ հողերը հանձնել: Թող այն ժամանակ ստորագրեր, ասեր՝ ես պաշտոնից հեռանում եմ, հողերը հանձնում եմ, որպեսզի անմեղ զինվորներ չմեռնեն»:

Դիտարկմանը՝ Վլադիմիր Պուտինն ասաց, որ հոկտեմբերի 19-20-ին հայկական կողմի համար համեմատաբար ավելի լավ պայմաններ են առաջարկվել, բայց ի զրամանս նրա՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է, նա արձագանքեց. «Որովհետև այս գործարքը Նիկոլ Փաշինյանի և Պուտինի միջև չի եղել, այլ եղել է արևմտյան սիոնիստական ուժերի, Ալիևի, Աստված գիտի՝ ում հետ: Պետք է լավ խորը ուսումնասիրվի այդ ամենը: Դրա համար նա Պուտինի առաջարկը չի ընդունել, նրան այլ ուժեր են ասել՝ մի արա, Նիկոլը որպես խամաճիկ՝ լսել է նրանց»:

Խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի մասին, նա ասաց, որ, եթե ցանկանում ենք հոգեպես զարգանալ, միաբանվել, գիտակցական հեղափոխության հասնել, ապա պետք է ազգային գաղափարախոսության վրա հիմնվենք. «Մինչև դանակը չի հասնում ոսկորին, մարդիկ չեն սթափվում: Հիմա այդ փուլում ենք, և ինձ թվում է՝ ազգայնական ուժերը կհամախմբվեն, ուրիշ ելք չկա: Ես մասնակցում եմ «Հանուն հայրենիքի փրկության» շարժմանը, որովհետև դա արժանապատվության հարց է: Ամբողջ աշխարհը հիմա մեզ է նայում, բոլոր երկրների ղեկավարները նայում են, թե մենք ոնց ենք արձագանքում այս խայտառակ պարտությանը: Եթե մենք շարունակում ենք հանդուրժել բացահայտ դավաճանին և հող հանձնողին, ուրեմն՝ մենք պատրաստ ենք ավելի շատ հող տալ, խնդիր չունենք հող տալու հետ. այդ ուղերձն ենք նրանց հղում, դա է ամբողջ խնդիրը: Մենք Նիկոլ Փաշինյանին և իր ամբողջ թիմին պետք է դատենք, որպեսզի այն ուղերձը հղենք մեր թշնամիներին և մյուսներին, որ մենք այլևս նման ղեկավար չենք հանդուրժելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս