Երևանի 82 հիմնական դպրոցի մինուճարն ու «գնդի որդին»՝ Լևոն Չատինյանը

Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց հազարավոր հայորդիների կյանքեր, որոնք սեփական կյանքը դրեցին հայրենիքի պաշտպանության գործում։

20-ամյա Լևոն Չատինյանն այդ հայորդիներից մեկն էր, ով մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ էր մեկնել Արցախ ծառայության։

Լևոնը տան միակ զավակն էր․ օդաչու, զինվոր ու հերոս դառնալու երազանքով էր առաջին քայլերը սկսել Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցից։

Մանկավարժի ընտանիքում մեծացած Լևոնը դաստիարակվել էր մեծ հայրենասիրական ոգով և այդ ոգով էլ նա հերոսաբար մարտնչել ու զոհվել էր իրեն վստահված դիրքը պաշտպանելիս։

Լևոնը հունվարին զորացրվելու էր, նրա հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 2-ին, որից հետո նրա հետ այլևս չի հաջողվել կապ հաստատել․ 55-օրյա փնտրտուքներից հետո գտան նահատակված հերոսին, զոհվել էր բազմաբեկորային վիրավորումից։

Լևոնի հարազատ դպրոցում բոլորը նրա մասին ներկայով են խոսում, ասում են՝ Լևոնը ոչ միայն իր ծնողների մինուճարն էր, այլև դպրոցի։ Մինչև դպրոց հաճախելը, Լևոնը հաճախ էր մանկավարժ մայրիկի հետ գնացել դպրոց, նստել դասարանում ու սպասել, մինչև մայրիկը կավարտի դասերը․ այդպես նա դարձել է դպրոցի մինուճարը։

«Լևոնը մեր մինուճարն էր, մենք միշտ այդպես էինք ասում, անգամ ուներ հատուկ անուն՝ «գնդի որդի», որը վաստակել էր վաղուց, երբ առաջին քայլերն էր արել և մայրիկի՝ ընկեր Մարգարյանի հետ ոտք դրել դպրոց։ Երբ ընկեր Մարգարյանի հետ խոսում էինք ու փորձում ասել, թե որքանով ենք իրար հասկանում ծնող լինելու պարագայում, միշտ ասում էինք, որ երկուսս էլ մինուճար ունենք։ Հետևաբար՝ շատ լավ էինք հասկանում մեկ երեխա ունենալու անհանգստությունները, լավ ու վատ կողմերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը, ում համար Լևոնը դարձել է 44-օրյա պատերազմի խորհրդանիշը։

Տնօրենը վստահ է, որ Լևոնը երբեք չէր լքի իր պատասխանատվության տակ գտնվող դիրքը, որևէ իրավիճակում չէր ընկճվի, եթե անգամ նահանջի հրաման լիներ՝ չէր լքի դիրքը։

«Լևոնին վերջին անգամ տեսել եմ նախորդ տարի հոկտեմբերին, երբ եկել էր զինվորական հոսպիտալ և վնասված ոտքն էր բուժում։ Ապաքինվելուց հետո եկավ իր հարազատ կրթօջախ և մանկավարժի տոնի առթիվ շնորհավորեց։ Ուրախ եմ, որ այդ օրը ջերմագին գրկել եմ Լևոնին, այդ ջերմությունը մինչ օրս պահում եմ։ Երբ խոսում էի Լևոնի մայրիկի հետ, միշտ ասում էի, որ պատերազմից հետո իմ ցավը կմեղմի միայն Լևոնի գալը, բայց այնպես եղավ, որ Լևոնն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ»,- հավելեց նա։

Լևոնի դասընկերուհին՝ Սոնան, այսօր ժպիտով է հիշում Լևոնին, ասում է՝ նա երբեք տխուր չէր լինում, միշտ ժպիտը դեմքին էր։

«Լևոնի հետ սովորել ենք 9 տարի, առաջին դասարանում առաջին ղողանջները միասին ենք հնչեցրել։ Ընկերասեր ու ազնիվ էր, միշտ ուրախ։ Հիմա ես չեմ մտածում, որ Լևոնը մեր կողքին չէ, ինձ համար ծանր է, որ այդպես մտածեմ։ Գիտեմ, որ քանի դեռ մենք իրեն հիշում ենք, նա բոլորիս կողքին է, մենք նրան չենք կորցրել։ Վերջին անգամ ծառայությունից մի քանի ամիս առաջ ենք խոսել։ Լևոնի հետ կապված հիշողությունները շատ են, հիշում եմ, երբ հունվարի 28-ի առթիվ միջոցառում էինք կազմակերպել, մենք երկուսով շարային էինք քայլում, դասարանից երկուսով էինք լավ քայլում, այդպես դպրոցի բակում քայլում էինք։ Երբեք չէի մտածում, որ այդ օրը հիշելիս արցունքները կխեղդեն կոկորդս»,- արցունքները զսպելով՝ նշեց Սոնա Մուրադյանը։

Լևոնին առաջին դասարանում ընդունել է դասվար Գայանե Գրիգորյանը, այսօրվա նման հիշում է, թե որտեղ էր նա նստում, ինչ երազանքներ ուներ, ինչպես էր պատրաստվում միջոցառումներին։

Նա ժպիտով ու արցունքով է Լևոնի մասին պատմում, ասում է՝ պետք է ամեն գիշեր սպասի, որ Լևոնը խաղաղ երկնքով վերադառնա տուն, ու նաև շնորհակալ է Լևոնին ու հայ զինվորին՝ յուրաքանչյուր խաղաղ րոպեի համար։

«Դպրոցի բոլոր միջոցառումների ժամանակ Լևոնը հայրենիքը պաշտպանողի դերում էր։ Առաջին դասարանում անկախության տոնին զուգահեռ՝ աշակերտներս  դարձան մաշտոցականներ, իսկ Լևոնը զենքը ձեռքին կարծես պաշտպանում էր խաղաղ  ու անամպ երկինքը։ Այբբենարանի հանդեսին Լևոնը կրկին զինվոր էր, այդպես էլ պաշտպանեց երկիրը։ Լևոնն այդ տարիքում միշտ ասում էր՝ օդաչու եմ ուզում դառնալ, զինվոր ու հերոս»,- նշեց Գայանե Գրիգորյանը։

Լևոնի դասղեկ Լուսին Գևորգյանը հիշում է, թե ինչպիսի ոգևորությամբ էր նա պատրաստվում մեկնել ծառայության․ նա ծառայության մեկնեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը։

«Լևոնն իր ընտանիքում ու այս դպրոցում հայրենասիրական մեծ ոգով է դաստիարակվել, հայրենիքը նրա համար յուրահատուկ նշանակություն ուներ։ Միշտ երազում էր հագնել զինվորական համազգեստ, ասում էր՝ ե՞րբ պետք է զորակոչվեմ բանակ ու այդ համազգեստը հագնեմ։ Երբ պետք է մեկներ ծառայության, գնացել էինք ճանապարհելու, ասաց՝ գիտեք, ընկեր Գևորգյան, ամեն մեկին բախտ չի վիճակվում հունվարի 28-ին զորակոչվել բանակ, հաստատ մի այնպիսի սխրանք պետք է կատարեմ, որ ինձանով հպարտանաք։ Լևոն ջան, մենք միշտ ենք հպարտացել ու հպարտանում  քեզանով»,- հպարտությամբ նշեց Լևոնի դասղեկը։

Հանրապետությունում հայտարարված եռօրյա սգի օրերին 82 հիմնական դպրոցի սրահում բացվել է Լևոնի հուշանկյունը, որտեղ նկարների ու ծաղիկների հետ միասին՝ վառվում են երկու մոմեր, որոնք կարծես դպրոցի տնօրենի, Լևոնի ընկերների, ուսուցիչների անվերջ բորբոքվող ցավն ու կարոտն են խորհրդանշում, որը մնացել է Լևոնի նահատակվելուց հետո։ Այս անկյունն է այսօր ապահովում Լևոնի ներկայությունը դպրոցում, այստեղ բոլորը մեկ վայրկյան կանգնում, խոնարհվում ու անձայն իրենց երախտիքն են հայտնում Լևոնին ու հայ բանակի զինվորներին։

Բացի այդ անկյունից, դպրոցի տնօրենի խոսքով՝ մտածում են՝ դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչեն Լևոն Չատինյանի անունով, որտեղ կամփովեն նրա հետ կապված բոլոր հուշերն ու պատմությունները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս