Բաժիններ՝

Ռուսաստանի և Սիրիայի զինվորականները վարժանքներ են անցկացրել Տարտուսի ՌԾՆ-ի բազայի պաշտպանության գծով

Ռուսաստանի մոտավորապես տասը մարտանավեր, հակաօդային պաշտպանության «Տոր» եւ «Պանցիր» համակարգեր են գործի դրվել Սիրիայի Տարտուսի նավահանգստում ՌԴ ռազմածովային բազայի պաշտպանության գծով վարժանքների ժամանակ: «Վարժանքների ընթացքում, որին մասնակցել են ավելի քան 500 զինծառայողներ, առաջին անգամ կատարելագործվել են ցամաքային ուժերի, նավատորմի եւ ավիացիայի համատեղ գործողությունները»,-լրագրողներին հայտնել է հեռավոր գոտում ՌԴ ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) ուժերի հրամանատար Դմիտրի Դոբրինինը:

Նա ասել է, որ ռուսական կողմից վարժանքներին, մասնավորապես, մասնակցել են «Կալիբր» կրող թեւավոր հրթիռները, «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը եւ «Վիշնիյ Վոլոչեկ» փոքր հրթիռանավը: Սիրիայի ՌԾ ուժերի կողմից մասնակցել է 4 նավ, ասել է Դոբրինինը: Նրա խոսքով՝ վարժանքների ընթացքում ռուսական եւ սիրիական նավերը ետ են մղել անօդաչուների պայմանական գրոհը Տարտուսում նյութատեխնիկական ապահովման ռուսական կետի վրա, ինչպես նաեւ ապահովել են պայմանական հակառակորդի հարվածի տակից ուժերի դուրս գալը:

Վարժանքների ընթացքում չեզոքացվել են պայմանական դիվերսանտները, որոնք փորձել են ճեղքել Ռուսաստանի ռազմածովային բազան: Ռուսաստանի զինվորականները «Տոր» եւ «Պանցիր-1» զենիթահրթիռային համակարգերի օգնությամբ կատարելագործել են պայմանական հակառակորդի անօդաչուների գրոհի հետ մղումը: Ռուսաստանի ռազմական գործողությունը Սիրիայում անցկացվում է 2015 թվականի սեպտեմբերի 30-ից: ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան պաշտպանում է սիրիական բանակի ցամաքային գործողությունները: Ռուսաստանը Սիրիայում ավիաբազա ունի «Հմեյմիմ» օդակայանում եւ ռազմածովային նավատորմի բազա՝ Տարտուսում: Պաշտոնապես հաղորդվել է, որ Սիրիայում գործում են ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ գործողությունների ուժեր, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի, ռազմական ոստիկանության եւ ծովային հետեւակի ստորաբաժանումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս