«Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին». Իշխան Սաղաթելյան
«Երեկվա ելույթիս հետ էր կապված, բացատրություն էին պահանջում»,- Երևանի քննչական վարչությունից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ես ըստ էության քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել, և առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ ասեմ, որ հարուցված քրեական գործերը ու հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը, նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետև դրված է մեր հայրենիքի փրկության հարցը, հետևաբար, որևէ կերպ, որևէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա, հիմա շտապեմ հասնել մեր հանրահավաքին, միանամ մեր ընկերներին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու այլ տարբերակ չունի, դրա համար փորձում են մարդկանց նման մեթոդներով սպառնալ, բերման ենթարկել, գործեր հարուցել, ձերբակալել, հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել.
«Չեն կարողանալու, գնալով ավելի ենք ուժեղանալու, ավելի են մեր շարքերն ընդլայնվելու, հեռացնելու ենք այս գերագույն գլխավոր դավաճանին, հանուն մեր երկրի, որպեսզի կարողանանք միասին մեր ուզած երկիրը կառուցենք»:
Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ քննիչներն այսօր այցելել են նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին.
«Սա է այս մարդկանց ձեռագիրը, քաղաքական իշխանությունը շատ հաճախ անհարմար վիճակի մեջ է դնում նաև քննչական մարմիններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, և ես հույս ունեմ, որ մի պահ մեր սպաները կկանգնեն և կհրաժարվեն կատարել գլխավոր դավաճանի հրահանգները»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ հրավիրվել է Երևանի քննչական վարչություն:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակել էր «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների անունները, ապա հավելել.
«ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում և որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»:
Իշխան Սաղաթելյանի այս հայտարարությունից հետո երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված է.
«ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը երեքից տասը տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն:
Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, եթե վերը նշված գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին»: