«Բացահայտ հայտարարում եմ՝ ինձ վրա ոչ ոք, ոչ մի տիպի ճնշում չի գործադրել… որևէ մեկը որևէ տիպի հրահանգ չի տվել». Ոստիկանության Ապարանի բաժնի պետ

«Բացահայտ հայտարարում եմ՝ ինձ վրա ոչ ոք, ոչ մի տիպի ճնշում չի գործադրել… որևէ մեկը որևէ տիպի հրահանգ չի տվել». Ոստիկանության Ապարանի բաժնի պետ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով ՝ Ապարան համայնքի ոստիկանության բաժնի պետ Արմեն Հարությունյանին փորձում են անօրինական կերպով աշխատանքից հեռացնել։ Ըստ կայքի՝ վերջինին հրահանգ է իջեցվել արգելել համայնքապետերին մասնակցել ցույցերին և ընդդիմադիրներին աջակցություն ցուցաբերել։ Արմեն Հարությունյանը հրաժարվել է կատարել ապօրինի հրահանգը, ինչի պատճառով փորձում են նրան ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն ոստիկանության գնդապետը հրաժարվում է ազատման դիմում գրել։

168.am-ի հետ զրույցում Արմեն Հարությունյանը նախ խորհուրդ տվեց դիմել ոստիկանության լրատվական ծառայություն, սակայն, այնուամենայնիվ, պատասխանեց մեր հարցերին՝ կտրականապես հերքելով շրջանառվող տեղեկությունը: «Ես օրինակելի ծառայող եմ, պաշտպանում եմ իմ ոստիկանության շահերը, առաջնորդվում եմ բացառապես Սահմանադրությամբ, Քրեական, Քրեական դատավարության և Ոստիկանության մասին օրենքներով: Բացահայտ հայտարարում եմ՝ ինձ վրա ոչ ոք, ոչ մի տիպի ճնշում չի գործադրել, ոչ ոք ինձ չի ասել՝ աշխատանքից ազատման զեկուցագիր գրիր»,- ասաց ոստիկանության Ապարանի բաժնի պետը:

Վերջինը նշեց նաև, որ ինքը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, և սրանք ամպագոռգոռ բառեր չեն: «Ես 27 տարի աշխատում եմ ոստիկանությունում, բարեխիղճ օրենքին եմ ծառայում ոստիկանության շարքերում, և երբ քարտով իմ ընտանիքի կարիքները հոգալու համար գումար եմ ստանում, ես ստանում եմ ոստիկանության գումարը»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ խիստ զայրացած է նշված հրապարակումից:

Ըստ ոստիկանության գնդապետի՝ օրենքից դուրս որևէ քայլ անելու համար ոստիկանության ծառայողն առնվազն սրիկա դավաճան պետք է լինի:

«Ուզում եմ շեշտել նաև, որ ինձ որևէ մեկը որևէ տիպի հրահանգ չի տվել: Ես ինքս Երևանի Կենտրոնի բնակիչ եմ, ծառայում եմ Ապարանում ու պետք է ասեմ, որ այստեղ ամեն ինչ նորմալ է, քաղաքական իրավիճակը՝ հանգիստ, և առհասարակ ապարանցիները շատ կարգապահ ու հանգիստ ժողովուրդ են, իրենց հոգսերի տակ կքած ու ամենօրյա խնդիրներ լուծող»,- նկատեց Արմեն Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս