Ադրբեջանը մահմեդական աշխարհին տրամադրում է Հայաստանի դեմ
Չնայած Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Հայաստանում նույնիսկ կան շրջանակներ, որոնք պնդում են, թե պետք է վերականգնել երկխոսությունը հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հասնել խաղաղ համակեցության, տարածաշրջանային կայունության, Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը, Հայաստանի հետ խոսելով ուժի դիրքերից։
Ադրբեջանի նախագահի վերջին գրեթե բոլոր հայտարարությունները թույլ են տալիս պնդել, որ Ադրբեջանը տրամադրված չէ երկխոսության, տրամադրված չէ կարգավիճակի հարցի քննարկման, ավելին, Ադրբեջանի նախագահը մահմեդական բոլոր պետություններին փորձում է տրամադրել Հայաստանի դեմ։
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, օրերս Բաքվում, ընդունելով Աֆղանստանի նոր դեսպանի հավատարմագրերը, Իլհամ Ալիևը կոչ է արել մահմեդական բոլոր երկրներին խուսափել ցանկացած շփումից Հայաստանի հետ, որն իսլամաֆոբիայի քաղաքականություն է վարում։ Նա նշել է, որ իբրև թե իրենց բոլոր քաղաքներն ու գյուղերը քանդված են, մշակութային հուշարձանները, մզկիթները՝ ոչնչացված, ինչը վիրավորում է ոչ միայն ադրբեջանցիների, այլև ամբողջ աշխարհի մահմեդականների զգացմունքները։
Ըստ Ալիևի՝ ողջ աշխարհի մահմեդականները պետք է միավորվեն և ագրեսոր կողմին ուժեղ ազդանշան հաղորդեն, որ այդ քայլերն անընդունելի են և չեն մոռացվելու։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այլ հարթակներում Իլհամ Ալիևը նույն օրերին նշում է, որ Ղարաբաղյան հակամարտության մասին արդեն կարելի է խոսել բացառապես անցյալ ժամանակով։ Տարօրինակ է, որ Իլհամ Ալիևը փակել է Արցախյան հակամարտության էջը, սակայն շարունակում է իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ավելին, Երևանը, Սևանը և Զանգեզուրը որակում է ադրբեջանական հողեր։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, թե ակնհայտ է, որ երկխոսություն տարածաշրջանում, համագործակցություն այս պահին հնարավոր չէ։
Ըստ նրա, ժամանակ է հարկավոր հետպատերազմյա տրամադրությունները հակամարտող երկրներում հաղթահարելու՝ էյֆորիայի ու պարտության զգացումները բթացնելու համար, որոնք խանգարում են պետություններին կառուցողական երկխոսություն ծավալել, արժանապատիվ համագործակցել։
«Պատմությունը ցույց է տվել, որ նման էջերը շուտ չեն հաղթահարվում մարդկանց ուղեղներում, հատկապես, երբ հակամարտությունն ընդհանուր առմամբ կարգավորված չէ, և բազմաթիվ հարցեր կան քննարկելու, ու էլի կողմերից մեկը կարծում է, թե պետք է քննարկել, մյուսը կարծում է՝ ոչ։ Մեկը խոսում է ուժի դիրքերից, մյուսը՝ այլ բան է խոսում։ Մեկը կարծում է՝ կա Մինսկի խումբ, մյուսը՝ ոչ։ Սահմանները փոխվել են, բայց գործընթացի բովանդակությունն ու ոգին մնացել է անփոփոխ։ Քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, կարծում եմ՝ չի լինի հարևանություն, համերաշխություն տարածաշրջանում։ Ուստի խոսակցությունները, թե կարող է լինել քառակողմ կամ վեցակողմ համագործակցություն, այս պահին իրատեսական չեմ համարում»,- վստահեցնում է վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է մահմեդական աշխարհին ուղղված Ալիևի ուղերձներին, ապա Մալաշենկոն դրանք համարում է հետպատերազմյան էյֆորիկ տրամադրությունների արտահայտության ևս մեկ ձև, որոնցից որոշների նոյեմբերից հետո ականատես ենք եղել, ինչպես նաև դրանից շատ ավելի վաղ։
«Իներցիոն նման հայտարարություններ հնչում են, որոնք միտված են Ադրբեջանի շուրջ պետությունների կոնսոլիդացիային, գործընկերների աճին, որը միտված է քաղաքական ճնշումը պահպանել Հայաստանի նկատմամբ, հեղինակազրկել և այլն։ Ադրբեջանի լավագույն լսարանն այդ առումով մահմեդական լսարանն է, որի համար վերոնշյալ զգացմունքները բարձր են դասվում, կրոնամշակութային արժեքները բարձր են դասվում, և այդտեղ կարող են դիվիդենտներ լինել։ Իսկ ԱՊՀ հարթակներում այլ հայտարարություններ են հնչում, քանի որ դրանց մասնակցում է ՌԴ-ն, դրանց լսարանն այլ է, ՌԴ-ն միջնորդ է, իր ջանքերում ամրագրել է տարածաշրջանում խաղաղության հասնելը, որը բավականին հեռու հեռանկար է թվում այս բարդ տարածաշրջանում, հատկապես, երբ պատերազմն ավարտված չէ»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, հատկապես պատերազմից հետո ՀՀ դիվանագիտությունը խոշոր խնդիրներ ունի լուծելու։ «Բացի նման իրավիճակների համար ավանդական գործունեությունը պետք է դիմագրավել նաև դիվանագիտական հարվածներին, սեփական քաղաքականությունը վարելով շատ երկրների հետ։ Ընդհանուր առմամբ, ճկունություն և բարձր որակներ են հարկավոր այս իրավիճակն արժանապատվորեն հաղթահարելու և սեփական շահն աշխարհում, տարբեր երկրներում լսելի ու ընդունելի դարձնելու համար։ Իսկ դրա համար հարկավոր է լուրջ վերլուծական աշխատանք, որը կպատրաստի միջազգային հարթակներում աշխատանքի բազան։ Իմ կարծիքով՝ դա ժամանակին ու շուտ չի լինի, քանի որ ՀՀ ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլում են։ Սովորաբար նման ժամանակաշրջաններում ոչ մի խնդիր արդյունավետորեն չի լուծվում»,- ասաց Մալաշենկոն։