«Հայրենիքի փրկության շարժման» անդամները վրաններ են տեղադրում Հանրապետության Հրապարակում գիշերելու համար
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Հանրապետության հրապարակում ընթացող անհնազանդության ակցիաների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին մարզերում կան բազմաթիվ մայրուղիներ, որոնք փակված են։
«Մարզերում բազմաթիվ ընկերություններ, գործարաններ գործադուլ են հայտարարել, մեր պայքարը շարունակվում է։ Այն քաղաքացիները, որոնք արդեն 5-6 ժամ գտնվում են հրապարակում, այս ընթացքում հնարավորություն ունեն տաքանալու, ինքնակազմակերպվելու՝ ժամը 18։00-ին ավելի մեծ թափով շարունակելու մեր բողոքի գործողությունները։ Մենք այստեղ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է, անելու ենք ամեն ինչ, որովհետև սա մեր երկրի փրկության հարցն է, մենք հետ չենք կանգնելու։ Վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին մեզ հետ է և միանալու է այս պայքարին, այլընտրանք չունենք, դրված է մեր հայրենիքի փրկության հարցը։ Նախորդ 42 օրերի ընթացքում այս մարդը հանձնել է 4 բնակավայր, որը նախատեսված չէր եռակողմ հայտարարությամբ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև ընդգծեց, որ, հայրենիքը հանձնելուց զատ, Նիկոլ Փաշինյանը պղծել է Եռաբլուրը, եկեղեցին, հասարակությանը բաժանել ու պառակտել է։
«Այս պահից սկսած՝ մենք հրապարակում տեղադրելու ենք վրաններ, և այն քաղաքացիները, որոնք ցանկանում են գիշերը մնալ՝ կգիշերեն այստեղ։ Ոստիկանության հետ վրաններ տեղադրելու հետ կապված պայմանավորվածություններ չկան, դա մեր պահանջն ու ցանկությունն է, մենք տեղադրելու ենք, որևէ մեկը չի կարող մեզ խանգարել»,- շեշտեց նա։