Պետք է պատրաստ լինել աշխատել առանց Մինսկի խմբի. Սկակով
«Ներկայումս նոր ձևաչափեր են ձևավորվում տարածաշրջանում, թե որքանով արդյունավետ ու համապարփակ, ամբողջական կլինեն, դրանք ցույց կտա ժամանակը»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցին տարածաշրջան և հետագա դերակատարմանը, ՌԴ մոտեցմանը այս ձևաչափի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ իր մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին՝ ասել էր, որ հույս ունեն՝ միջազգային միջնորդները խոսքերից գործի կանցնեն և կսկսեն փաստացիորեն օգնել մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ ԼՂ վերադարձող փախստականներին, որ դա ոչ միայն Ռուսաստանը պետք է անի՝ ուղարկելով այնտեղ հումանիտար անձնակազմ, բայց նաև՝ միջազգային կազմակերպությունները։
Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով համանախագահները հայտարարություն էին տարածել. «Հաշվի առնելով նոր իրողությունները՝ համանախագահները հաստատեցին իրենց շարունակական նվիրվածությունը՝ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու համար տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու և առկա խնդիրները լուծելու համար: Համանախագահները պարտավորվել են նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ»։
Նշենք նաև, որ համանախագահներին չհանդիպեց արցախյան կողմը, իսկ Բաքվում հանդիպումները չանցան բարենպաստ մթնոլորտում։ Սկակովը պարզաբանեց, որ ՌԴ-ն չի հրաժարվում Մինսկի խմբից, բայց փաստացի այն գոյություն չունի, վերջին այցը ցույց տվեց, որ օրակարգ չկա, նույնիսկ միջնորդները սպասված ու ընդունելի չեն, սակայն ՌԴ-ն ասում է, որ նրանք ունեն աշխատանք անելու, որն է՝ օգնել կողմերին՝ հաղթահարել պատերազմի հետևանքները։
«Կան տարաձայնություններ Մինսկի խմբում, դժգոհություն ՌԴ-ից այն դեպքում, երբ նրանք ժամանակ են ունեցել արդյունավետ զբաղվել հակամարտությամբ, իսկ այսօր ինչով են ցանկանում զբաղվել առարկայական, պարզ չէ։ Ժամանակ է հարկավոր նոր իրողությունների գիտակցման, ընկալման և նոր օրակարգի համար։ Թեև միակ օրակարգը, որ մնացել է, դա Արցախի կարգավիճակի հարցն է, դրա քննարկման հարցում սկցբունքային տարաձայնություններ կան։ Այս պահին պետք է պատրաստ լինել աշխատել առանց ՄԽ-ի, քանի որ պարզ չէ, թե նրանք ինչպես են պատրաստվում աշխատել»,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ պատերազմը վերջին հարվածն էր այդ խմբի դերակատարությանը։
Նրա համոզմամբ՝ կասկածներ չկային, որ այդ խումբը, ճգնաժամային պահին առավել ևս, որևէ հարց չի լուծելու։ «Հաստատվեց այն, ինչ երկար տարիներ խոսել ենք, որ այդ մեխանիզմը չունի իրական լծակներ ու ազդեցություն։ Ներկայումս նոր ձևաչափեր են ձևավորվում տարածաշրջանում, թե որքանով արդյունավետ ու համապարփակ, ամբողջական կլինեն դրանք, ցույց կտա ժամանակը, քանի որ ներկայումս լուծվում են ավելի էական հետպատերազմական հարցեր»,- ասաց վերլուծաբանը։