Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցները ՌԴ-ին կխանգարեն եկամուտներ ստանալ
Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանել է ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) ձեռք բերելու համար, ուղղված են այն բանին, որպեսզի Ռուսաստանին զրկեն եկամուտներ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ նրա ազդեցության ընդլայնմանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարուղար Մայք Փոմպեոն:
«Պետքարտուղարն ընդգծել է, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի կողմից զգալի եկամուտներ ստանալուն եւ ազդեցության ընդլայնմանը խոչընդոտելն է, եւ դրանք ուղղված չեն Թուրքիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ցանկացած այլ դաշնակցի կամ գործընկերոջ ռազմական ներուժի կամ մարտունակության թուլացմանը»,-ասվում է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ Փոմպեոյի զրույցի ամփոփման շուրջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային՝ «C-400-ի խնդիրը լուծել պաշտպանական սեկտորում համագործակցության բազմամյա պատմությանը համապատասխան եւ ստանձնել զենքի գնման՝ ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ համատեղելի պարտավորությունները», նշվում է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցների մասին:
Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Անկարան դատարարտում է այդ պատժամիջոցները եւ սպառնում պատասխան միջոցներ ձեռնարկել: ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400 ԶՀՀ ձեռք բերելու կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար: Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք է C-400 ԶՀՀ-երը վերադարձնի Ռուսաստանին, եթե Անկարան ցանկանում է ԱՄՆ-ից Patriot հրթիռային համալիրներ ստանալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: