Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի:
«Երբ պատրաստ լինենք, կգնանք ընտրությունների: Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել այդ ընտրությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, թե ՀՀ քաղաքացիներին պետք է հնարավորություն տան որոշում կայացնել:
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կլինեն այդ ընտրությունները՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ինքն ուզում է լինեն րոպե առաջ: «Դա պետք է բոլորիս՝ այն տրամաբանության մեջ, որ պետք է շունչ քաշենք այն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք, թե մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով: Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի: Կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել», -ասաց նա։